Սոչիի ֆիլհարմոնիայի մենակատարը ելույթ է ունենալու Երևանում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մայիսի 5-ին տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը կրում է «Դաշնամուրային անուրջներ» խորագիրը: Ելույթ կունենա Սոչիի ֆիլհարմոնիայի մենակատար, համամիութենական մրցույթների դիպլոմակիր, դաշնակահար Սուրեն Վարդանյանը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ համերգային ծրագրում ընդգրկված են Ռիխարդ Վագների, Յոհաննես Բրամսի, Ֆերենց Լիստի, ինչպես նաև Ալեքսանդր Սկրյաբինի ստեղծագործությունները:
Համերգի առաջին բաժնում, դաշնակահար Սուրեն Վարդանյանը կկատարի Ռ. Վագների հազվադեպ կատարվող Դաշնամուրային սոնատը, Յ. Բրամսի սոլ-մինոր Ռապսոդիան, նշանավոր «Սիրո անուրջները» և Շ. Գունոյի Վալսը «Ֆաուստ» օպերայից՝ Ֆ. Լիստի մշակմամբ: Երկրորդ բաժինն ամբողջությամբ նվիրված է Ա. Սկրյաբինի երաժշտությանը: Կհնչեն «Երազներ» դաշնամուրային մանրապատումները, պրելյուդներ, ինչպես նաև՝ Վալսը, Էքսպրոմտը, Երկու պոեմը: