Ֆրանսիական կողմը «Ախթամար» քառյակին «խորհուրդ տվեց» չգնալ Արցախ. Նիկա Բաբայան
«Ախթամար» լարային քառյակը (Ֆրանսիա) երեք համերգ է ունենալու Հայաստանում՝ Գյումրի, Ջերմուկ, Երևան: Համերգները նվիրված են Հայաստանի անկախության 25-ամյակին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կադանս» երաժշտական կենտրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նիկա Բաբայանը:
Նա նշեց, որ քառյակը նորաստեղծ է, բայց արդեն մի քանի համերգներ է ունեցել Ֆրանսիայում:
«Երբ կոմպոզիտոր, քառյակի գեղարվեստական խորհրդատու Էժենի Ալեսյանը (Ֆրանսիա) առաջին անգամ պատմեց քառյակի մասին, ասաց, որ կոչվում է «Ախթամար», շատ ուրախացա: Միանգամից առաջարկեցի համերգներ կազմակերպել նաև Հայաստանում»,- ասաց Ն.Բաբայանը:
Նա տեղեկացրեց, որ ապրիլի 7-ին քառյակը ելույթ էր ունենալու Ստեփանակերտում, սակայն այն չեղյալ է հայտարարվել:
«Ֆրանսիական կողմը «խորհուրդ տվեց» չգնալ Արցախ՝ հասկանալի պատճառներով»,- ասաց Ն.Բաբայանը:
Ասուլիսին ներկա Էժենի Ալեսյանի խոսքով, իրենց ասել են, որ այնտեղ կռիվ է, ապահով չեք լինի:
«Սիրտս շատ ցավեց: Այլ անգամ»,- նշեց նա:
«Ախթամար» լարային քառյակի նվագացանկում տեղ են գտել Կոմիտասի խաղերը: «Երբեք առանց Կոմիտասի մեր համերգները չեն անցկացվում»,- ասաց Է. Ալեսյանը՝ հավելելով, որ հենց դրանով է բացատրվում նաև երիտասարդ խմբի հայկական լեգենդի վրա հիմնված անվանումը:
Նա նաև տեղեկացրեց, որ քառյակն առաջիկայում իր ծրագրում կունենա այլ հայ գործիչների ստեղծագործություններ:
Քառյակի ջութակահարներից Կոլին Ալեսյանն ասաց, որ Կոմիտասն այնպիսի երաժիշտ է, որ երբ Բելգիայում համերգներից մեկի ժամանակ կատարել են Կոմիտաս, հանդիսատեսն առանց նրան ճանաչելու՝ անմիջապես սիրահարվել է:
Նշենք, որ Գյումրիում համերգը կայանալու է վաղը, Ջերմուկում՝ մայիսի 7-ին, Երևանում՝ մայիսի 11-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Համերգներին հնչելու է Էժենի Ալեսյանի, Կոմիտասի, Հայդենի, Շուբերտի ստեղծագործություններից:
«Ախթամար» լարային քառյակի անդամներն են՝ ջութակահարներ Կոլին Ալեսյան, Ջուլիյետ Ռոլան, ալտահար Օնդին Սիմոն, թավջութակահար Աստրիդ Ուոթերս: Լարային քառյակը ստեղծվել է Բրյուսելի Թագավորական հեղինակավոր երաժշտանոցում: