Որևէ մեկի մտքով այս պահին չի անցնում Թուրքիայից ապրանքների ներկրումը արգելել. Արծվիկ Մինասյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է թուրքական ապրանքների հետ կապված ուսումնասիրությունները, առաջիկայում կհրապարակվեն բոլոր այն ապրանքախմբերը, որոնք ներմուծվում են Հայաստան երրորդ երկրով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ կանցկացվի նաև հանրային, մասնագիտական քննարկում և առաջին պայմանն է լինելու ընտրել թե ապրաքնախմբերը, թե նաև գործիքակազմը, որը թույլ կտա պաշտպանել երկրի տնտեսությունը:
«Երկրորդ պայմանն է թույլ չտալ սոցիալական պայթունավտանգ իրավիճակի առաջացում և երրորդ կարևոր ուղղությունը՝ ապահովել տնտեսության անվտանգ զարգացում»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը:
Արծվիկ Մինասյանը արդարացի համարեց հնչող հարցադրումը, թե թուրքական ապրանքները որքանով են խանգարում տեղական արտադրության զարգացմանը, սակայն դրա լուծման առաջին բանալին, ըստ նրա, տեղական արտադրության արդյունավետության որակի բարձրացումն է, ինչպես նաև այնպիսի մեխանիզմների գործադրումը, որը թույլ կտա ավելի էժան լոգիստիկ ծախսումների միջոցով իրացվելի դարձնել տեղական արտադրությունը կամ ապրանքներն ու ծառայությունները:
Հարցին, թե արդյոք թուրքական ապրանքների ներկրման հարցում «արգելքի» անհրաժեշտություն կա, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ որևէ մեկի մտքով այս պահին չի անցնում ապրանքների ներկրումը արգելել, խոսքը գնում է վերոնշյալ երեք հիմնական ուղղություններով տնտեսությունը և սպառողների իրավունքները պաշտպանելու մասին:
«Արգելք արտահայտությունը շատ կոշտ է ասված: Խոսքը գնում է այնպիսի մեխանիզմների գործադրման մասին, որը թույլ կտա ապահովել նշված երեք պայմանների կատարումը: Արգելք կարող է կիրառվել այն ապրանքների նկատմամբ, որոնք անվտանգության խնդիր են հարուցում, դրանք կարող են վերաբերել թե սննդամթերքին, թե այնպիսի ապրանքներին, որոնք կարող են մեր քաղաքացիների կյանքին, առողջությանը վտանգ սպառնալ»,- ասաց էկոնոմիկայի նախարարը՝ հավելելով, որ այս պահին դեռ նման իրավիճակ չկա, իսկ արգելքը, ըստ նրա, կարող է լինել որոշակի սահմանափակումների կիրառումը, այդ թվում՝ սերտիֆիկացիայի համակարգի գործադրումը:
«Դա ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում կարևոր պարամետրերից մեկն է և այնպես չէ, որ մենք չպետք է գործողություններ ձեռնարկենք: Օրինակ՝ մենք կարող ենք նաև պահանջել ԵՏՄ այլ երկրներից այնպիսի գործողություններ, որոնք բացառեն հայկական շուկա Եվրասիական տնտեսության տարածքից ոչ անվտանգ ապրանքների մուտքը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Դիտարկմանը, թե փաստորեն սա միայն Թուրքիային չի վերաբերում, նախարարն ասաց, որ կոնկրետ այս ուսումնասիրությունն իրականացնում են թուրքական ապրանքերի մասով, բայց սա կարող է հիմք հանդիսանալ հետագա շատ ավելի լայն հայեցակարգային մոտեցումների համար՝ ուժեղացնելու մեր շուկա երրրորդ երկրներից մուտք գործող ապրանքների որակական և անվտանգության համակարգը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոչ թուրքականին» պահանջով՝ կառավարության դիմաց ցուցարարները աղբամանը նետեցին թուրքական ապրանքները
- Չենք կարող վստահ լինել, որ թուրքական սնունդով մեր հանդեպ բակտերիական զենք չի կիրառվում. Ծովինար Կոստանյան
- Ողջունելի է ապրանքի վրայի «թուրքական չէ» մերժողական պիտակը. Թաթուլ Մանասերյան