«Հայաստան» հիմնադրամը Բավրայում մարզահրապարակ է բացել
Շիրակի մարզի Բավրայի համայնքն այսօր մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար արգենտինահայ Դևեճիէան ընտանիքի հովանավորությամբ գյուղում կյանքի կոչված մարզահրապարակի բացմանը: Արարողությանը ներկա են եղել ծրագրի հովանավոր Նշան Դևեճիէանը, բարերարներ Պողոս Էքսերճիէանը, Քիրքոր Շիմշիրողլուն, Արման Բուլբուլյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Պատվիրակությունը գլխավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Այս բոլորը հաղորդում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նորակառույց մարզադաշտն ու խաղահրապարակը կծառայեն համայնքի բացօթյա ժամանցին: Ցանցապատ մարզադաշտը համապատասխանեցված է մինի-ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի խաղերին, խաղահրապարակն էլ հագեցած է անհրաժեշտ մարզասարքերով ու խաղասարքերով:
«Բավրան Հայաստանի հյուսիսային դարպասն է և մեր ցանկությունն է, որ դեպի հայրենիք բերող առաջին համայնքը գեղեցիկ ու պատշաճ ներկայանա այցելուին: Պատրաստակամ ենք առաջիկայում նոր ծրագրեր իրականացնել այս համայնքում»,- իր ողջույնի խոսքում ասել է Նշան Դևեճիէանը:
Հայ-վրացական սահմանին կից գտնվող, շուրջ 700 բնակիչ ունեցող այս համայնքը վերջին տարիներին վայելում է արգենտինահայ բարերար Դևեճիէան ընտանիքի հոգածությունը: Նրանց հովանավորությամբ Հիմնադրամը գյուղում կառուցել է համայնքային կենտրոն, որտեղ գործում են հանդիսությունների սրահը, համակարգչային սենյակը, գրադարանն ու գյուղապետարանը, կահավորել և համակարգչային տեխնիկայով է համալրել դպրոցը: Բավրայի պատվավոր քաղաքացու կոչում ստացած բարերար ընտանիքը նաև սոցիալական աջակցության ծրագրերով է սատարում գյուղի բնակիչներին:
Բարերարներ Դևեճիէան, Էքսերճիէան ընտանիքների և Քիրքոր Շիմշիրողլուի համաֆինանսավորմամբ Արցախի Քարին Տակ գյուղում կառուցվել է համայնքային կենտրոն, ընթացքում է մանկապարտեզի կառուցումը /հունահայ համայնքի մասնակցությամբ/, Հայաստանի սահմանամերձ Բաղանիս գյուղում /Տավուշի մարզ/ էլ կառուցվումէ ոռոգման համակարգ: