Բոլոր եկեղեցական տոներն ունեն իրենց ժողովրդական ավանդույթների կողմը. Տեր Ղազար քահանա Պետրոսյան
Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն այս տարի կնշի վաղը՝ մայիսի 5-ին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տոնի հոգևոր խորհրդին, ժողովրդական ծեսին անդրադարձավ ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:
«Ինչպես Առաքելական եկեղեցում բոլոր տոներին, այս տոնի ժամանակ էլ ծիսական արարողակարգը նախ սկսվում է սուրբ պատարագի մատուցմամբ, իսկ բոլոր շարականները, երգերն այդ օրը կատարվում են համբարձման խորհրդով»,-նշեց հոգևոր հովիվը՝ խորհուրդ տալով նախ և առաջ տոնը սկսել սուրբ մատարագին մասնակցելով:
Նա տեղեկացրեց, որ պատարագը կմատուցվի բոլոր եկեղեցիներում՝ ժամը 10:30-ին:
Տեր Ղազար քահանա Պետրոսյանն ասաց, որ դեռ շատ վաղուց ընդուված է եղել Համբարձման տոնը նշել են բարձրադիր սրբավայրերում:
Տոնի ժողովրդական սովորույթներին անդրադառնալով նա ասաց. «Բոլոր եկեղեցական տոներն ունեն իրենց ժողովրդական ավանդույթների կողմը: Այս տոնին ընդունված է յոթ աղբյուրից ջուր բերելը, ծաղիկների թերթիկներ են հավաքելը, վիճակ հանելը, որը կապված է 12-րդ առաքյալին վիճակահանությամբ ընտրելու հետ: Նաև երեխաների կողմից խաղիկներ են կազմակերպվում, տներ են այցելում, որտեղ էլ իրենց դրամ, ձու և քաղցրեղեն են տալիս»: