Նալբանդյանը այսօրվա հրամայականի մասին
Այսօրվա հրամայականն է կանխել ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը ապագայում,- հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ՀՀ ԱԳ նախարարը ասել է. «Այսօրվա հրամայականն է երաշխավորել, որ այս խնդրին ռազմական լուծում տալու վտանգավոր փորձերն արդյունավետ կերպով կսանձահարվեն»:
Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, առավել ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար:
Նրա խոսքով, համանախագահների կողմից առաջադրված վստահության ամրապնդման միջոցների կյանքի կոչումը, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունների մեծացումը, անկասկած, կնպաստեն այդ նպատակի իրագործմանը։
«Նման որոշակի քայլերը կարող են թույլ տալ վերականգնել բանակցային մթնոլորտը, շարունակելու խաղաղ գործընթացը»,-ասել է նախարարն ու ավելացրել, որ Հայաստանը ջանք չի խնայի համանախագահ երկրների հետ միասին աշխատելու՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
Նախարարի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: