Սիմեոնե. «Սա նոր հնարավորություն է, բայց ոչ վրեժի հնարավորություն»
Մադրիդյան «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ իր թիմը չի մտածում «Ռեալից» վրեժ լուծելու մասին, եթե «Արքայական թիմի» հետ հանդիպի Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Հիշեցնենք, որ երեկ «Ատլետիկոն» «Բավարիային» զիջեց 1:2 հաշվով, սակայն եզրափակիչ մտավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ: Եզրափակչի երկրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա այսօր երեկոյան, երբ «Ռեալը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Նշենք, որ «Ռեալն» ու «Ատլետիկոն» երկու տարի առաջ հանդիպել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Այն ժամանակ հաղթեց «Արքայական թիմը»:
«Ես երջանիկ կլինեմ,- ասել է Սիմեոնեն՝ խոսելով «Ռեալի» հետ հնարավոր հանդիպման մասին:- «Ատլետիկոն» ավելին է ուզում, բայց մենք վրեժի մասին չենք մտածում: Սա մեր կյանքում նոր հնարավորություն է, այլ ոչ թե վրեժի հնարավորություն:
Այս տարի մենք եզրափակչին ավելի լավ նախապատրաստվելու հնարավորություն կունենանք, իսկ 2014 թ., «Ռեալի» հետ եզրափակչի հանդիպումից մեկ շաբաթ առաջ ևս մեկ եզրափակիչ ունեինք առաջնությունում՝ ընդդեմ «Բարսելոնի»: Այդ խաղին պատրաստվելու համար 15 օր ժամանակ կունենանք: Դա ոչինչ չի նշանակում, բայց մենք ականատես կլինենք թիմերի լավ պատրաստականությանը»: