Կամավոր մեկնած Վանաձորի նախկին քաղաքապետը «Եղնիկներ»-ում ծանր վիրավորվել է
Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում թշնամու ականանետից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Լոռի» հեռուսաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը:
Հարությունյանը, նրա ներկայացմամբ, կամավորական ջոկատի մարտիկների և զինվորների հետ զենքը ձեռքին պաշտպանում էր սահմանը թշնամուց: Անդրանիկ Հարությունյանին Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, քանի որ վիճակը ծանր է, ականանետի պայթյունից նա կորցրել է մեկ ոտքը և մարմնում արկի բեկորներ կան, միացված է արհեստական շնչառության ապարատին:
Ստեփանակերտի հոսպիտալից «Լոռի» հեռուստաընկերությանը տեղեկացրել են, որ Հարությունյանի վիճակը ծայրահեղ ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Պատրաստվում են նոր վիրահատության՝ այս անգամ մարմնից պետք է հեռացվեն բեկորները:
«Ա. Հարությունյնը 61 տարեկան է և, կնոջ պատմելով, հրամանատարը տարիքի պատճառով չի ցանկացել վերցնել նրան որպես կամավոր։ Հարությունյանը պնդել է, որ պիտի գնա և լինի զինվորների կողքին: Ա. Հարությունյանի որդին բարձրաստիճան զինվորական է, և նա ևս գտնվում է սահմանամերձ շրջաններում», -նշել է տիկին Ավետիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ