Կայացել է «.հայ» դոմենային գոտու գործարկման շնորհանդեսը
Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում կայացել է «.հայ» հայատառ դոմենային գոտու բացման շնորհանդեսը, որի ժամանակ ՏԿ նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը հայտնել է, որ առաջին պաշտոնական հայատառ դոմենը կլինի «նախագահ.հայ»-ը: Բացման մանրամասները հայտնում են ՏԿՆ լրատվական ծառայությունից:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, ով էլ պատմել է «.հայ» դոմենի գործարկման գործընթացի մասին։ Այն սկսվել է 2012 թվականին, իսկ դոմենային անունը «Ինտերնետ հանրությունում» և այլ կազմակերպություններում մոտ կես տարի քննարկումների ընթացքում է որոշվել՝ որպես ամենագեղեցիկը:
Ըստ Գ. Սաղյանի՝ աշխարհում ազգային լեզուներով դոմենները սկսել են գործածվել 2008 թվականից. «Մենք, փաստորեն, 8 տարի ուշացել ենք: Նշեմ, որ սկսողը Չինաստանն էր, հետո Ռուսաստանը, այնպես որ, հայերեն դոմեն չբացելը նշանակում էր ընդհանուր զարգացման ճանապարհից հետ մնալ: Սա գործընթաց է, որն անհրաժեշտ է, առավել ևս, որ ունենք համապատասխան օրենսդրական ակտեր»:
Աղբյուրը նաև հայտնում է, որ «.հայ» հայատառ դոմենային գոտում գրանցվելու համար այսօր արդեն կա 150 հայտ, որից 70-ը՝ գերատեսչություններից. «.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերենի իմացության մակարդակը համացանցում: