ԼՂ հակամարտությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի Ռուսաստանն ունի գերակա դիրքեր. «168 Ժամ»
«ԼՂ հակամարտությունը դեռ երկար ժամանակ չի կարգավորվի, կամ կարգավորման գործընթացում առաջընթաց տեղի չի ունենա, քանի որ Ռուսաստանն ունի գերակա դիրքեր՝ այս հակամարտության գոտում հակամարտող երկրների նկատմամբ լծակների շնորհիվ»,-«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու ԵՄ դիրքորոշմանն այս հարցում:
«Ռուսաստանին կարգավորումը ձեռնտու չէ, ուստի հակամարտությունը չի կարգավորվի, ես արագ լուծում չեմ տեսնում, քանի դեռ այս լծակները պահպանվում են, և ԵՄ-ն ավելի ակտիվ չէ: Համաձայն եմ այն քննադատություններին, որոնք ուղղվում են ԵՄ-ին այն առնչությամբ, որ ԵՄ-ն իրեն ակտիվ չի դրսևորում ղարաբաղյան հակամարտության գոտում: Պետք է ավելի նախաձեռնողական քաղաքականություն դրսևորել, բայց այստեղ հարց է առաջանում՝ կցանկանա՞ն արդյոք դա հակամարտող կողմերը»,- ասել է նա՝ հիշեցնելով ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի առաջարկն այն մասին, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին նրանց ցանկության դեպքում: