Anonymous-ի հաքերները հայտարարել են Կենտրոնական բանկերի դեմ արշավի մասին
Anonymous հաքերային խմբավորումը հայտարարել է, որ 30 օրվա ընթացքում կհարձակվի ամբողջ աշխարհի Կենտրոնական բանկերի կայքերի վրա: Գրում է «Ռիա.ռու»-ն՝ հղում անելով խմբավորման յութուբյան տեսահաղորդագրությանը:
Աղբյուրը հայտնում է՝ չորեքշաբի Հունաստանի ԿԲ-ն հայտարարել էր, որ նախօրեին Anonymous-ը կիբեռահաբեկչություն է կազմակերպել իրենց կայքի վրա: Հարձակումը տևել է մի քանի րոպե, որից հետո բանկի ՏՏ մասնագետները կարողացել են վերականգնել կայքը: DDoS-հարձակումը վնասել է միայն բանկի վեբ-կայքը:
Հաքերների պնդմամբ՝ այդ հարձակումը ամբողջ աշխարհի Կենտրոնական բանկերի դեմ 30-օրյա արշավի նշան է:
Anonymous-ը ստեղծվել է 2003 թվականին: Կիբեռխմբավորման զոհ են դարձել PayPal-ը, MasterCard-ը, Ինտերպոլի, Եվրախորհրդարանի և Վատիկանի կայքերը, ինչպես նաև տարբեր երկրների նախարարությունների կայքերը: