«Մայր Հայաստան» զինվորական թանգարանը 2015 թ. ունեցել է 77 պետությունից այցելուներ
ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը նախորդ տարվա ընթացքում ունեցել է 74 հազար այցելու, այդ թվում նաև այցելուներ է ունեցել 77 պետությունից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը:
Նա նշեց, որ թանգարանն առավել շատ այցելուներ ունենում է հենց մայիսի 9-ին. մոտ 10-15 հազար այցելու:
Նա նշեց, որ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը համազգային նշանակություն ունի, եզակի թանգարաններից է ոչ միայն ԱՊՀ երկրների տարածքում, այլ նաև ամբողջ աշխարհում նախ իր բովանդակությամբ, ինչպես նաև բոլորի համար մուտքն ազատ է: Ա. Հարությունյանի խոսքով, թանգարանի առաջնահերթ խնդիրն է ռազմահայրենասիրական դաստիարակությունն ու քարոզությունը, առաջին հերթին հենց երիտասարդների շրջանում:
Թանգարանում, ըստ նրա, ցուցադրությունը երկու թեմայով է՝ Հայրենական պատերազմում հայերի մասնակցությունը, ՀՀ Զինված ուժերի պատմությունն ու արցախյան ազատամարտը:
«Մենք ոչ միայն գործունեություն ենք ծավալում Հայաստանի տարածքում, այլև նաև անցած տարի Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսում հենց մեր թանգարանին էր կառավարությունը վստահել հայկական տաղավարի պատրաստումը, մոնտաժումը»,- ասաց Ա.Հարությունյանը: