Ադրբեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել գոնե տնտեսության առումով. Արծվիկ Մինասյան
Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր ի վերջո նաև հարված հասցնել Հայաստանի տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարկահավաքության ցուցանիշներին:
«Նախագահի հայտարարությունը փաստ է: Այն պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ մեր տնտեսվարողները չենթարկվեցին ամենատարբեր ասեկոսեների և կատարեցին իրենց պարտավորությունները: Երկրորդը՝ հարկային մարմինն այդ առումով արդյունավետ է աշխատել: Եվ վերջապես երրորդը՝ չմոռանանք, որ ապրիլ ամիսը նաև շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է: Այսինքն՝ մի քանի գործոնների զուգակցմամբ, այո՛, ունենք այսպիսի արդյունք, և դա պետք է դրական դիտարկել»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ մի քանի անգամ շեշտել է՝ ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր ի վերջո նաև հարված հասցնել Հայաստանի տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է:
«Դրա ապացույցներից մեկն էլ հենց նաև այս ցուցանիշներն են: Այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջության ոլորտում նախորդ տարիների համեմատ 9 տոկոս աճ է գրանցվել, ապրիլ ամսվա ընթացքում տեմպի որոշակի նվազում է արձանագրվել, սակայն հիմա արդեն տեմպը վերականգնվել է: Սա նույնպես ցույց է տալիս, որ ադրբեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել: Գոնե տնտեսության առումով դա վստահաբար ասում եմ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ