Դավիթ Բաբայան. Արցախի ճանաչման գործընթացին մեկնարկ հաղորդվեց
Փաստորեն գործընթացին մեկնարկ է հաղորդվել: Սա իհարկե չի նշանակում որ վերջնական ճանաչվում է, բայց պետք է արձանագրենք, որ ճանաչման գործընթացը սկսվել է, որը չափազանց կարևոր քայլ է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման համար,- «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ կարևորելով այդ գործընթացը:
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:
Բաբայանի համոզմամբ, այս քայլով Հայաստանը մեսիջ է ուղարկում միջազգային հանրությանը, ինչպես նաև Ադրբեջանին, առ այն, որ նոր պատերազմի վերսկսման պայմաններում Արցախի հանրապետության անկախության ճանաչումը այլևս այլընտրանք չունի:
«Հայաստանը հակամարտության կարգավորման բանակցային ողջ ընթացքում ցուցաբերել է աննախադեպ կառուցողական դիրքորոշում՝ գտնվելով բանակցային գործընթացում 25 տարի փաստորեն չի ճանաչել Արցախի Հանրապետությունը: Հակառակ դեպքում կտապալվեր բանակցային գործընթացը, որը կբերեր նոր պատերազմի»,- նշեց խոսնակը և հավելեց, որ այս պարագայում Ադրբեջանն է սանձազերծում պատերազմ, ուստի Արցախը պետք է ճանաչվի:
Այս քայլն, ըստ Բաբայանի, մեսիջ էր նաև Ադրբեջանին, որ վերջինս զերծ մնա ահաբեկչական քայլերից ու անկանխատեսելի ծրագրերից:
«Ադրբեջանում լավ են հասկանում, որ այս քայլով սահմանափակվում են իրենց մանևրելու հնարավորությունները ապակառուցողական և պրովոկացիոն դրսևորումներում: Ադրբեջանն այս չորսօրյա պատերազմով ամենամեծ հարվածը հասցրեց բանակցային գործընթացին, իսկ Հայաստանը այս քայլով կրկին դրսևորում է իր կառուցողական մոտեցումը՝ փորձ անելով վերակենդանացնել գրեթե փակուղում գտնվող բանակցային գործընթացը»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում