«Դվին»-ի վերակառուցման ծրագիրը հաստատվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին: Ինչպես նիստում նշեց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած ծրագրով նախատեսվում է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչև 2019 թվականը՝ կատարելով անհրաժեշտ չափի ներդրումներ` ըստ ներդրումային ծրագրի:
Արման Սահակյանը նշեց, որ պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետ կապված գնորդը կրում է պատասխանատվություն ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ըստ նրա՝ այս տարվա ընթացքում ներդրումները կհասնեն 20 մլն դոլարի: Նախատեսվում է ևս 70 մլն դոլարի ներդրում հյուրանոցային համալիրում:
«Ես համաձայնվեցի, որ այս հարցը քննարկենք, քանի որ ներդրում է՝ ցանկություն չունեմ խոչընդոտել»,- իր հերթին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հանձնարարելով փաստաթղթերի ձևակերպումների հետ կապված ուշադրությամբ շարունակել աշխատանքներն առաջիկա օրերին:
Ներդրումային ծրագրի համաձայն՝ «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է«լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար: Կառուցվելու են ավտոհանգրվաններ. ստորգետնյա՝ մոտ 330 ավտոկայանատեղիով, և վերգետնյա՝ առնվազն 50 ավտոկայանատեղիով:
Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երևան քաղաքում նման դասի յուրահատուկ և միակ օբյեկտը՝ 55000 քմ. ընդհանուր մակերեսով:
Բացի այդ, նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում՝ Դավիթ Բեկ Հյուրանոցի: