Զարուհի Փոստանջյանը այլ երկրների դիվանագիտական ծառայություններից զանգեր է ստացել
Սպասում ենք, որ Ազգային ժողովը իր գործառույթների շրջանակում արագորեն կանդրադառնա ներկայացված նախագծին, և Հայաստանը կճանաչի Արցախի Հանրապետությունը որպես մեկ առանձին միավոր,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Վերջինը, նկատենք, Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի համահեղինակն է՝ ԱԺ մեկ այլ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ միասին:
«Ճանաչելով Արցախը, Հայաստանը մղում է, որպեսզի Արցախը դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ: Լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, մենք ներկայացնում ենք մեր քաղաքական հայտը տարածաշրջանում: Պարտադրում ենք բոլորին խոսել այլ դիրքերից», -հայտարարեց Փոստանջյանը:
Լրագրողը հիշեցրեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը նախագծի վերաբերյալ, երբ պաշտոնյան ասել էր, որ «դա երկու պատգամավորների առաջարկություն է, և Հայաստանի կառավարությունը, օրենքին համապատասխան, պետք է եզրակացություն տա այդ օրինագծի վերաբերյալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, և խուճապի որևէ հիմք չկա» և հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է այս հարցի շուրջ կուլիսային բանակցություններ կան, որ պատգամավորը տեղյակ չէ:
Ի պատասխան, տիկին Փոստանջյանն ասաց, որ երրորդ երկրի արտգործնախարարության հայտարարությունը չի կարող Արցախի և Հայաստանի համար կողմնորոշիչ լինել:
«Սա մեր խնդիրն է, մեր քաղաքական հայտն է: Մենք ցանկանում ենք լինել տարածաշրջանում լուրջ քաղաքական գործոն: Հետևաբար մենք չենք անդրադառնալու այս կամ այն պետության արտաքին գործերի նախարարի հայտարարություններին: Նրանք չեն մեզ համար ուղենիշ: Մենք առաջնորդվում ենք մեր ազգային շահով, իսկ մեր ազգային շահը մեզ պարտադրում է, որ մենք ճանաչենք Արցախի Հանրապետությունը», -հայտարարեց Փոստանջյանը:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, խաղաղ քաղաքացիների նկատմամբ կատարած հանցագործությունները, 1994-ի զինադադարից հրաժարումը և միջազգային պարտավորությունները չկատարելը, ըստ Փոստանջյանի, հիմք է, որպեսզի Հայաստանը հնարավորություն տա Արցախին հանդես գալ որպես «քաղաքական գործոն»:
«Մենք պետք է սկսենք այս գործընթացը: Դուք պատկերացրեք՝ եթե Արցախը լինի ճանաչված մեր կողմից, նույնիսկ միայն Հայաստանի կողմից... բայց ես ունեմ զանգեր այլ պետությունների դիվանագիտական ծառայություններից, որ Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչումից հետո, լինելու է այլ պետությունների կողմից ճանաչում ևս: Այս դեպքում մենք ունենալու ենք նաև գործընկերներ այլ պետություններում», -հավելեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին