Զիդան. «Ողջ վաստակը պատկանում է թիմին»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի թաքցրել ուրախությունը, որ «Արքայական թիմը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում 1:0 հաշվով առավելության հասնելով «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
«Մեզ համար շատ ծանր էր, բայց գիտեինք, որ այդպես էլ լինելու է: Արդյունքում հասանք մեր ուզածին և հիմա շատ երջանիկ ենք: Խաղացողներն արժանի են դրան: Երկրպագուները ողջ հանդիպման ընթացքում աջակցում էին մեզ, և դա միշտ օգնում է:
Քրիշտիանու Ռոնալդուն խաղաց այնպես, ինչպես միշտ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ առավելագույնը կատարեց, ուստի մենք եզրափակիչ մտանք: Շատ ուրախ եմ դրա համար: Մեր գործը դեռ ավարտված չէ: Գիտենք, որ մայիսի 28-ին մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: Բայց հիմա անհրաժեշտ է հանգստանալ ու մտածել կիրակի կայանալիք հաջորդ հանդիպման մասին:
Շատ ուրախ եմ, որ նման ֆուտբոլիստների մարզելու հնարավորություն ունեմ: Նրանցից յուրաքանչյուրը կարևոր է ինձ համար: Պետք է շարունակենք միասին աշխատել ու հավատալ, որ կարող ենք մեծագույն գործեր արարել: Այսօր մենք դա արեցինք: Այո, ես մարզիչ եմ և, իհարկե, ինչ-որ լավ բան անում եմ, բայց ողջ վաստակը պատկանում է թիմին: Ֆուտբոլիստներն առաջին տեղում են, քանզի հենց նրանք են մեզ ֆուտբոլը վայելելու հնարավորություն տալիս»,- նշել է Զիդանը: