Թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվում են վարչապետ Ա. Դավութօղլուին փոխարինողների հավանական անունները
Թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվում է վարչապետ Ա. Դավութօղլուին փոխարինողների հավանական անունները, որոնցից են` էներգետիկայի նախարար, Էրդողանի փեսա Բ. Ալբայրաքը, տրանսպորտի նախարար Բ. Յըլդըրըմը, արդարադատության նախարար Բ. Բոզդաղը:
ԱԶԿ Կենտրոնական գործադիր մարմնի նիստից առաջ Ռ. Թ. Էրդողանը նախագահական նստավայր է հրավիրել էներգետիկայի նախարար Բ. Ալբայրաքին, տրանսպորտի նախարար Բ. Յըլդըրըմին, արդարադատության նախարար Բ. Բոզդաղին, ԱԶԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ն. Ջանիքլիին և կուսակցության գլխավոր քարտուղար Ա. Գյուլին:
ԱԶԿ-ի Կենտրոնական գործադիր մարմնի նիստում ընդունված որոշման կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը նշել է, որ «դա վարչապետի անձնական որոշումն էր»:
Հիշեցնենք՝ մայիսի 5-ին Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Կենտրոնական գործադիր մարմնի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ մայիսի 22-ին ԱԶԿ-ի արտահերթ համագումարի հրավիրման որոշում է կայացվել, որի ժամանակ չի առաջադրելու իր թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնի համար:
Նա նշել է, որ այդ որոշումը ստեղծված իրավիճակի անհրաժեշտությամբ է պայմանավորված, և իր հետագա քաղաքական գործունեությունը շարունակելու է որպես պատգամավոր: Նա իր ելույթում կարևորել է հատկապես ԱԶԿ-ի միասնության և կայունության գործոնը:
Ա. Դավութօղլուն իր վարչապետության ժամանակաշրջանը երկրի տնտեսության, արտաքին քաղաքականության, կուսակցական գործունեության և ահաբեկչության դեմ պայքարի հարցում հաջողված է գնահատել:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի վարչապետը փաստացի հրաժարական է տվել
- Թուրքագետը՝ Դավութօղլուի հնարավոր հրաժարականի պատճառների մասին