Անհրաժեշտ է Հայաստանի և Հնդկաստանի տնտեսական փոխգործակցությունը ևս բարձր մակարդակի հասցնել. վարչապետ
Հայաստանի և Հնդկաստանի քաղաքական հարաբերություններին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքը տնտեսական փոխգործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու համար,- Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտող Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ հանդիպմանը այսպես է ասել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Սուրեշ Բաբուն նշել է, որ իր համար մեծ պատիվ էր բարեկամ Հայաստանում պաշտոնավարելը, և որպես Հայաստանի բարեկամ կշարունակի իր նպաստը բերել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանը:
Զրուցակիցներն ամփոփել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, մշակույթի, առողջապահության ոլորտներում իրականացվող հայ-հնդկական համատեղ ծրագրերի ընթացքն ու արդյունքները և մտքեր փոխանակել երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման շուրջ: