Հայրենական մեծ պատերազմի 50 վետերաների առողջարանային բուժման ուղեգրեր կտրամադրվեն
Գործադիրն այսօրվա նիստում ընդունել է «Հայաստանի վետերանների միավորում» և «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծը:
Որոշման համաձայն՝ «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանի հանգստի կազմակերպման ու առողջության վերականգնման, ինչպես նաև Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Չեռնոբիլի ատոմային էլեկտրոկայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման նպատակով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 7 մլն 940 հազար դրամ:
Այդ գումարից 6 մլն դրամը կհատկացվի «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանի հանգստի կազմակերպման և առողջության վերականգնման համար, 1մլն 940 հազար դրամն էլ «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը Չեռնոբիլի ատոմային էլեկտրոկայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման նպատակով: