Քանի դեռ Ադրբեջանը առաջնագծում զորքեր է կուտակում, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի. Շարմազանով
«Մի բան պարզ է՝ քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել, քանի դեռ Ադրբեջանը առաջնագծում զորքեր է կուտակում, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում՝ հատկապես մայիսի 9-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության միտում տեսնում են:
«Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ՝ ռազմական գործողություններ սպասվում են, թե չեն սպասվում, բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ձգտում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մեկ անգամ նա տապալվեց, մեկ անգամ ադրբեջանական ծրագիրը ձախողվեց: Այս պահին չեմ կարող խոսել ադրբեջանական ծրագրերի մասին, բայց փաստն այն է, որ հայկական կողմերը՝ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե Հայաստանի Հանրապետությունը, խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Ապրիլյան պատերազմը Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականության արդյունք էր, սակայն նրանք ձախողվել են»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Այս պահին, ըստ նրա, թե ԱՄՆ պետքարտուղարը, թե ՌԴ արտգործնախարարը, թե միջազգային հանրությունը մշտապես խոսել են զենքի ուժով խնդրի լուծման անթույլատրելիության մասին:
«Մենք մի բան պետք է հստակ իմանանք, որ և ռազմաճակատում, և դիվանագիտական ճակատում պետք է միասնական և ուժեղ լինենք: Եւ ի բան արձանագրենք, որ Ադրբեջանը ձախողվել է, Ադրբեջանի ծրագիրը ապրիլի սկզբին չիրականացավ: Թե հետագայում Ալիևը ինչ կնախաձեռնի կամ կնախաձեռնի, թե ոչ, դա չեմ կարող ասել, բայց այն, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, սա իրականություն է»,- ընդգծեց Էդուրադ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները