Փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ. Ռուբեն Մելիքյան
«Աշխատելու եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կապերը ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ», -իր ելույթում ասել է ԼՂՀ ՄԻՊ պաշտոնում ընտրված Ռուբեն Մելիքյանն՝ այսօր ԼՂՀ ԱԺ նիստի ժամանակ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը նշել է՝ իր գործունեության գլխավոր առաջնահերթությունը լինելու է ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին և, ընդհանրապես, Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից տևականորեն իրականացվող հակաիրավական քաղաքականությանը առնչվող հարցերի հետևողականորեն բարձրաձայնումը՝ ակնկալելով համարժեք արձագանք։
Ելույթից հետո տեղի է ունեցել պաշտպանի երդման արարողությունը: