Սերգեյ Լավրով. Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր փոխպայմանավորվածությամբ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական «РИА» գործակալությանը տված հայրցազրույցում, ի թիվս միջազգային բազմաթիվ խնդիրների, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումներին: Լավրովը նշել է, որ իրենք մշտական կապի մեջ են հակամարտության կողմերի հետ:
«Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում այս խնդրով կոնֆլիկտի սրացումից ի վեր: Ես անձամ և նաև հեռախոսով մի քանի անգամ շփումներ եմ ունեցել իմ կոլեգաների հետ: Իհարկե, այս պահին ամենակարևորը նոր զոհերից խուսափելն է, հրադադարի խախտման ցանկացած դեպք կանխումը, և դրա համար կիրառելի մեխանիզմների ու միջոցների մշակումը: Այս հարցերի տակ ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեռևս հինգ տարի առաջ՝ Ռուսաստասնի նախագահի հետ հանդիպման ժամանակ»,-նշել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ հայ պատգամավորների կողմից առաջարկված օրինագծին, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող լուծվել միակողմանի որոշմամբ, այլ դրա համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի փոխպայմանավորվածությունը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը քննարկելուն: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա երկու պատգամավորների առաջարկություն է, և Հայաստանի կառավարությունը, օրենքին համապատասխան, պետք է եզրակացություն տա այդ օրինագծի վերաբերյալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, և խուճապի որևէ հիմք չկա: Երբ ես Երևանում էի, և հետո, երբ հեռախոսով շփվում էի իմ գործընկերոջ (ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի – խմբ.) հետ, և հետո, երբ նա արդեն Մոսկվայում էր՝ ապրիլի սկզբի դեպքերից հետո, ինձ հստակ հավաստիացրել են, որ Երևանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր համաձայնության կոնտեքստում, ոչ թե միակողմանիորեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովը համոզմունք է հայտնել, որ հակամարտության քաղաքական կարգավորումը այլընտրանք չունի, և որքան էլ բարդ լինի, հնարավոր է վիճահարույց հարցերի լուծումները ներառել բոլորի կողմից ընդունելի փաստաթղթի մեջ: