Մայքրոսոֆթ Հայաստանը, «ՖՐԵԴԱ»-ն և «Դոմ-Դենիել»-ը ՏՏ ընկերությունների համար կմշակեն ինվեստիցիոն ու տեխնիկական աջակցման ծրագրեր
Այսօր Երևանում անցկացվող «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն՝ նորարարական ամպային լուծումներ փոքր և միջին բիզնեսի համար» համաժողովի ընթացքում Մայքրոսոֆթ Հայաստան, «ՖՐԵԴԱ» և «Դոմ-Դենիել» ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը կխթանի բիզնեսի զարգացումը, ավտոմատացումն ու կիբեր- ֆիզիկական լուծումները՝ հզորացված ամպային տեխնոլոգիաներով:
Հուշագիրը ստորագրել են Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն Լիանա Կորկոտյանը, Մայքրոսոֆթ կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյը, «ՖՐԵԴԱ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Քալանթարյանը և «Դոմ-Դենիել»-ի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այս հուշագրի հիման վրա վեց ամսվա ընթացքում կմշակվի ինվեստիցիոն ու տեխնիկական աջակցման ծրագիր ինչպես գործող, այնպես էլ ստարտափ ընկերությունների համար»,- նշել է Մայքրոսոֆթ Հայաստան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը:
«ՖՐԵԴԱ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Քալանթարյանն էլ հայտնել է, որ նախատեսում են համատեղ քննարկել, ֆինանսավորել և մշտադիտարկել նորարարական, ռիսկային ծրագրեր, ու թեև գիտեն, որ երբեմն նաև կտուժեն, բայց վստահ են, որ հաջողված ծրագրերը կփոխհատուցեն կորուստները:
«Դոմ-Դենիել»-ի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն էլ հավելել է, որ այս հուշագրի կնքումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության շրջանակներում մեր զարգացման ռազմավարության ևս մեկ քայլ է. «Այս ծրագրի շնորհիվ կմշակվեն լուծումներ բիզնեսի աջակցման, ավտոմատիզացիայի և կիբեր-ֆիզիկական համակարգերի ստեղծման համար ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների համար»:
Հուշագրի շրջանակներում տրամադրվելիք աջակցությունը կխթանի բիզնեսի զարգացումը, ավտոմատացումն ու կիբեր-ֆիզիկական լուծումները՝ հզորացված ամպային տեխնոլոգիաներով:
«Յուրաքանչյուրդ այսօր դեր եք խաղում ապագան փոխելու հարցում, ամեն ինչ ձեր ձեռքերում է, ես տեսնում եմ, որ հայերի կարողություններն իսկապես մեծ են։ Դուք կարող եք բարեփոխել կյանքը»,- միջոցառման ժամանակ ասել է Թրուդի Նորիս-Գրեյը:
Հիշեցնենք, որ համաժողովի կազմակերպիչներն են Microsoft կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և «Դոմ-Դենիել» ընկերությունը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Համաժողովին մասնակցել է Մայքրոսոֆթ կորպորացիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պարվիրակություն՝ հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյի գլխավորությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կիբերանվտանգության մակարդակը միջին է. «Մայքրոսոֆթ»
- «Մայքրոսոֆթ»-ը Հայաստանում կպատրաստի մեծ թվով մասնագետներ
- Էկոնոմիկայի նախարար. «Պարզապես միշտ չէ, որ կարող են արվածի մասին բարձրաձայնել»
- Մեր հաջողության գրավականը բարձր տեխնոլոգիաներն են. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ