«Պանամայի փաստաթղթեր»-ի գործով մեղադրյալ դեռ չկա
Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի շրջանակներում առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ին հաստատեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Մայիսի 3-ին ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ»:
Այդուհանդերձ, վկայակոչելով քննության շահերը, ՀՔԾ-ից ասացին, որ այլ մանրամասներ չեն կարող փոխանցել:
Հիշեցնենք` «Հետք» պարբերականը այս ամսվա սկզբին հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։
Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան Պանամայում գրանցված երեք ընկերություննների բաժնետեր է։
Ապրիլի 18-ին Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։
«Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու», -ասել էր նա:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել
- Միհրան Պողոսյանի հետ կապված նախապատրաստվում են նյութեր. Արփինե Հովհաննիսյան
- Գալուստ Սահակյանը` Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ