Ըստ քաղաքագետի Արցախի ճանաչումը կարող է զսպող գործոն հանդիսանալ Ադրբեջանի՝ երրորդ անգամ պատերազմ սկսելու նկրտումներին. ՀԺ
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրական է գնահատում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ուղղությամբ կառավարության քայլերը և գտնում է, որ դա կարող է զսպող գործոն հանդիսանալ Ադրբեջանի՝ երրորդ անգամ պատերազմ սկսելու նկրտումներին: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Քաղաքագետը, սակայն, կարևոր է համարում, որպեսզի բոլոր քայլերին զուգահեռ՝ քննադատական վերլուծություն կատարվի, թե ինչու Ադրբեջանին թվաց, որ ուժով կարող է ղարաբաղյան հարցը լուծել:
«Մենք պետք է վերլուծենք, միգուցե արեցինք սխալներ ներքին քաղաքականության, արտաքին քաղաքականության մեջ: Ի վերջո ինչու իրենք համարձակվեցին հարված տալ. Ձեռք բերեցին ժամանակակից զենք, կատարելագործեցին բանակը, կարող է ունեին ինֆորմացիա, որ մենք չենք հակահարված տալու: Մենք, անպայման, զուգահեռ պետք է վերլուծություն անենք, այդ ի՞նչ չի արվել դիվանագիտական դաշտում, քաղաքական դաշտում: Եթե իրենք համոզված լինեին, որ հակահարված են ստանալու, իսկ իրենք հուժկու հակահարված ստացան, կասկած չունեմ, որ եթե իմանային չէին հարձակվի: Ուրեմն մենք ինչ-որ աշխատանք չկատարեցինք: Այս վերլուծությունը կարևոր է, որ չստացվի որ ինչ-որ պրիմիտիվ քայլեր չարեցինք, հետո ուզած չուզած պետք է պատերազմի միջոցով լուծենք»,- թերթի հետ զրույցում ասել է Գրիգորյանը: