Միջազգային խորհրդատվական թիմի հետ ՊՆ-ում քննարկել է բանակաշինության հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր բանակաշինությանը և պաշտպանական վերափոխումներին սատարող միջազգային խորհրդատվական թիմի հետ հանդիպմանը կարևորել է ռազմունակության ամրապնդմանն ուղղված վերափոխումներին խորհրդատվական խմբի շարունակական աջակցության անհրաժեշտությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 3-ից Հայաստանում գտնվող խորհրդատվական թիմը եռօրյա հանդիպումների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի հետ քննարկել է բանակաշինության հիմնական մոտեցումները, կառավարման, պլանավորման, մարտարվեստի, ինչպես նաև զինուժի արհեստավարժության ոլորտներում իրականացվելիք վերափոխումներին առնչվող հարցեր:
Խորհրդատվական թիմը հանդիպել է նաև ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում, որտեղ քննարկվել են պաշտպանության ոլորտի օրենսդրությունը սահմանադրական բարեփումների և զինված ուժերի զարգացման մտահղացման հետ համահունչ դարձնելու խնդիրները: