«Ռոմայի» ու Տոտտիի բանակցությունները դեռ ձգձգվում են
«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիի ու ակումբի ղեկավարության միջև նոր պայմանագրի ստորագրմանը միտված բանակցություններն առաջվա պես ձգձգվում են: Այս մասին տեղեկացնում է «La Gazetta dello Sport»-ը: Չնայած այն բանին, որ թիմի ավագը համաձայնվել է տարեկան 3 միլիոնի փոխարեն 1 մլն եվրո աշխատավարձ ստանալ, կողմերը քննարկում են գործարքի այլ պայմաններ, որոնցում չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել:
Բացի այդ, նույնիսկ եթե կողմերը համաձայնեցնեն մեկամյա պայմանագրի բոլոր կետերը, պաշտոնապես այդ մասին կհայտարարվի միայն մայիսի վերջին: Բանն այն է, որ «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան ուզում է անձամբ հայտարարել ակումբի լեգենդի հետ պայմանագրի ստորագրման մասին, ինչը նա կարող է անել միայն մայիսի վերջին, երբ կվերադառնա Իտալիա: