Կարկուտը Լոռու մի քանի գյուղերում վնասներ է հասցրել
Լոռու մարզի Ճոճկան համայնքում օրեր առաջ տեղացած կարկուտը վնասել է ցրտահարությունից փրկված պտղատու ծառերը:
«Մոտավորապես 15 տոկոսով վնասել է բերքը: Պտղատու ծառերի մասին է խոսքը՝ խնձորենի, բալենի: Ծիրանը ցրտահարվել էր վաղ գարնանը»,-Panorama.am-ին ասաց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը:
Գյուղացիների կրած վնասների վերաբերյալ այս պահին հստակ հաշվարկներ չկան:
Նախորդ տարի ամռանն այս գյուղը հավկիթի մեծությամբ տեղացած կարկուտի հետևանքով մեծ վնասներ էր կրել. մի քանի րոպեում ոչ միայն ցանքատարածություններն էին ավիրվել, այլև ջարդվել էին Ճոճկան գյուղի գրեթե բոլոր տների տանիքները և պատուհանների ապակիները, դրսում կայանած ավտոմեքենաները:
Մայիսի 15-ին տեղացած կարկուտից տուժել են նույն մարզի Ծաթեր համայնքի մի քանի գյուղատնտեսներ:
«Մի 20 հեկտարանոց տարածքում է խփել: Մի քանի ֆերմերներ են տուժել: Կարտոֆիլի ցանքատարածությունները տուժել են մոտ 25-30 տոկոսով, բայց վերականգնվող են»,-ասաց Ծաթերի գյուղապետ Բագրատ Ղալայանը:
Նրա խոսքով, առավել շատ տուժել են դրսից բերված սերմացուի ցանքատարածությունները, քանի որ այդ հատվածներում բույսը բարձր ու փարթամ է եղել: Ցեխի պատճառով գյուղացիները չեն կարողացել հողատարածք մտնել, բույսի վիճակին ծանոթանալ:
«Մարզպետարանից դեռ հանձնաժողով պետք է գա, վնասները տեսնեն»,-ասաց նա:
Գյուղապետն ասում է, որ գյուղի տարածքում հակակարկտային կայաններ կան, դրանք անընդհատ կրակել են, հակառակ դեպքում վնասներն ավելի մեծ կլինեին:
Կարկուտը վնասներ է պատճառել նաև Մեծ Այրում գյուղում: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրել վերջին խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ Մեծ Այրում և Ճոճկան համայնքներում կարկուտի պատճառված վնասները զգալի չեն և էականորեն չեն կարող ազդել բերքատվության վրա:
Այսօր գիշերվա ընթացքում՝ ժամը 00.16-ից մինչև 00.47-ը ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 10 կայանքներից Լոռու մարզի Լեջան, Ագարակ, Ամրակից, Յաղդան, Կողես համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:
Հարակից հրապարակումներ`
- Բերբերյան. Հակակարկտային կայանները չեն օգնում գյուղացուն
- Կարկուտից պաշտպանելու համար Բերբերյանը առաջարկում է ցանցապատել այգիները (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան