«il Giornale». Բաքուն պետք է պատասխան տա ապրիլին մարդկության դեմ գործած իր բանակի հանցանքների համար
Իտալական առաջատար «il Giornale» պարբերականը հոդված է հրապարակել ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ հարցադրում հնչեցնելով, թե ինչն էր թաքնված Բաքվի ռազմական արկածախնդրության հետևում, հատկապես այն դեպքում, երբ դրանից գործնականում Բաքուն ոչինչ չշահեց:
«Այսպես կոչված չորս օրյա պատերազմից մեկ ամիս անց, մեծագույն խորհրդավորություն է, թե ինչու Ադրբեջանի նախագահը սանձազերծեց ոչնչով չարդարացված՝ այդ թվում նաև ռազմական կարևորության տեսանկյունից, արկածախնդրություն: Շփման գծի շրջանում մի քանի բլուրներից բացի, ապրիլի 2-ին իրականացրած հարձակումը որևէ տարածքային լուրջ ձեռքբերումներ չի երաշխավորել Ադրբեջանի համար, քան այն, ինչ սահմանված է 1994 թվականի հրադադարի համաձայնագրով: Իսկ մյուս կողմից էլ ադրբեջանական անկախ Մեյդան TV-ն հրապարակել է զոհերի ու կորուստների իրական թվերը. Ձեռք բերված բարձունքերը որևէ կերպ համեմատելի չեն այն մարդկային կորուստների հետ, որ ունեցավ Ադրբեջանը, իսկ դրանք իրականում 91 և ավել են, քան պաշտոնական հրապարակված 31-ը: Իսկ ամենատեսանելի ձախողումը թերևս միջազգային վստահության կորուստն էր:
Բացի 1994 թվականի հրադադարի խախտումից, Բաքուն ստիպված է նաև պատասխան տալ մարդկության դեմ իրագործած իր բանակի հանցագործությունների համար: Ամենախնդրահարույց պահը հայ զինվոր Քյարամ Սլոյանին գլխատելն ու նրա գլուխը ադրբեջանական գյուղում ցույց տալն է: Գրեթե նույն ձեռագիրն է շարունակվում, ինչ տարիներ առաջ էր, երբ Ալիևը Ռամիլ Սաֆարովին հայ սպային կացնահարելու համար կոչում շնորհեց»,- գրում է պարբերականը:
Այս առումով պարբերականը մեջբերում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի բնորոշումներն առ այն, որ Ադրբեջանը միշտ էլ լեգիտիմացրել է ցեղասպանություններն ու էթնիկ զտումները:
Պարբերականի դիտարկմամբ, Ալիևի կողմից ապրիլին ձեռնարկված հարձակումը կարող է պայմանավորված լինել Ադրբեջանում հասունացող տնտեսական ճգնաժամից հասարակության ուշադրությունը շեղելու մտայնությամբ: Մյուս կողմից էլ պարբերականի դիտարկմամբ, Ալիևի գործողությունների հետևում մեծ հավանականությամբ «Էրդողանի ձեռքերն են, ով նպատակ ունի, այս կերպ սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը