«iL manifesto». «Չորսօրյա պատերազմը»
«Ապրիլից հետո Լեռնային Ղարաբաղը դեռ կրակոցների տակ է: Լարվածություն, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին բռնկվեց, ինչպիսին չէր եղել 1994 թվականից հետո».- իտալական «iL manifesto» պարբերականում գրում է լրագրող Սիմոնե Զոպելարոն:
Հեղինակն իր անդրադարձը սկսում է հետպատերազմական Թալիշի նկարագրությամբ՝ նշելով, որ ամենուր կարելի է տեսնել պատերազմի հետքերը. գրադից ավերված դպրոց, փոշու մեջ կորած գրքեր և թղթեր:
«Սա անվերջ պատերազմի խորհրդանիշ է՝ Եվրոպայի սահմանին, որն աշխարհը նախընտրել է մոռանալ: Այստեղ նույնիսկ տրակտորներն են թիրախում, իսկ կրակոցներն էլ ապրիլից հետո շարունակվում են: Մինչ մենք Թալիշ կհասնեինք, ադրբեջանական դիպուկահարի զոհ էր դարձել հայ զինվորներից մեկը: Գյուղն այժմ առավելապես բնակեցված է զինվորականներով և կամավորներով»,- գրում է լրագրողը:
Նա նկատում է, որ միայն Թալիշը չէ վտանգավոր իրավիճակում, այլ Մարտակերտից դեպի այնտեղ տանող միակ ճանապարհը նույնպես վտանգավոր է, որն, ըստ հեղինակի դիտարկման, այժմ հայկական կողմը փորձում է ավելի անվտանգ դարձնել:
Շարունակելով, հեղինակը գրում է, որ Թալիշի բնակչության մեծ մասը՝ ապաստանել է Ստեփանակերտում: Հեղինակի հետ զրույցում բնակիչները մեծ ցավով են խոսում բնակավայրը թողնելու մասին:
Լրագրողը անդրադառնում է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կիրառած իսրայելական դրոններին ու նրանց վրա դրված ռումբերին, ինչպես նաև Թալիշ գյուղում ադրբեջանական զինվորականների կողմից սպանված և դիակապտված ծերերին:
Ամփոփելով դիտարկումները՝ հեղինակը մտահոգություն է հայտնում առ այն, որ «շարունակվող պատերազմում մի պարզություն կա. խաղաղությունը հեռու է, ինչպես երբևէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ