Ամերիկացի գեներալ. Հայ զինծառայողները խաղաղապահ առաքելությունների շրջանակում իրենց գերազանց են դրսևորել
Ես տեսնում եմ հայ-ամերիկյան զինված ուժերի միջև հարաբերությունները զարգացնելու ներուժ: Այսօր Ավան վարչական շրջանում ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի հանդիսավոր բացումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներել գնդապետ Ֆրեդերիկ Դեն Հոջեսը:
«Մեր գլխամասային շտաբը գտնվում է Գերմանիայում: Ինչպես գիտեք, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա է համագործակցություն՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ես այստեղ եմ՝ շարունակելու մեր բարեկամությունը և ամրապնդելու մեր կապերն ու հարաբերությունները հայկական զինված ուժերի և ամերիկյան ուժերի միջև»,-ասաց Ֆրեդերիկ Դեն Հոջեսը:
Ամերիկացի գեներալը նշեց, որ հայ զինծառայողները խաղաղապահ առաքելությունների շրջանակում իրենց գերազանց են դրսևորել:
2004 թվականին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայի Բուտապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար: Նույն օրն Իլհամ Ալիևի կողմից ոճրագործ Սաֆարովին ներում շնորհվեց, նա բնակարան նվեր ստացավ, ստացավ մայորի կոչում՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով: