Այս օրենքում տեսնում ենք կետեր, որոնք կբերեն մոնոպոլիզացիայի. Մելիտա Հակոբյան
«Ինչպես միշտ Հայաստանի հանրապետությունում ընդունվում են օրենքներ, որոնք առաջին հայացքից լավն են և եթե այդ օրենքները իրագործվեն, կունենայինք ժողովրդավարական օրենքների երկիր, բայց մի բան է, որ ընդունվում է օրենքը և մեկ այլ բան է կատարումը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով մայիսի 17-ին ԱԺ ընդունած «Դեղերի մասին» օրենքի նախագծին:
Նրա խոսքերով՝ այս օրենքը լավն է, բայց կան դրույթներ, որոնց կիրառումից կտուժի սպառողը: Մասնավորապես, ըստ նրա, նոր օրենքում կան գովազդների վերաբերյալ բացթողումներ, որոնց պատճառով սպառողը կտուժի:
«Այս օրենքում ես տեսնում են կետեր, որոնք կբերեն մոնոպոլիզացիայի: Մեր պետության նախագահը, վարչապետն այսօր պայքարում են մենաշնորհների դեմ, իսկ այստեղ արդեն ի սկզբանե ի հայտ է գալիս մենաշնորհների դիրքի չարաշահում»,- ասաց Մելիտա Հակոբյանը՝ հավելելով, որ օրենքի նախագծում նշված էր, որ պետք է ստեղծվեր հանձնաժողով, որում պետք է ընդգրկվեին սպառողական կազմակերպություններ, սակայն ոչ մի քննարկման իրենք չեն մասնակցել և այլ սպառողական կազմակերպություններ ևս չեն մասնակցել:
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Իրավաբանական անձանց միության դեղագործակալության դեպարտամենտի ղեկավար Գայանե Խաչվանքյանը դրական է համարում օրենքի ընդունումը:
Ըստ նրա՝ ցանկացած օրենք չի կարող կատարյալ լինել, կան որոշ բացթողումներ, բայց հետխորհրդային երկրներից Հայաստանը գտնվում է լավագույն դիրքերում, քանի որ ունի լուրջ կառույց՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը, որտեղ աշխատում են փայլուն մասնագետներ, որոնց շնորհիվ և դեղերի գրանցումը, ինչպես նաև որակի վերահսկումը կատարվում է բարձր մակարդակով: Ուստի, ըստ նրա, պետք է կարևորվի այս կառույցի գործունեությունը:
Գայանե Խաչվանքյանի խոսքերով՝ դեղերի որակի հսկումը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում և հատկապես կեղծվում են թանկ դեղերը:
«Մենք լուրջ վտանգ ունենք ԵՏՄ անդամակցելուց հետո, քանի որ Ռուսաստանը դեղերի կեղծման լուրջ թիրախ է և հավանականություն կա, որ կեղծված դեղերը կարող են ներթափանցել Հայաստան: Իհարկե կենտրոնի շնորհիվ այդ դեղերը Հայաստան չեն ներթափանցում, սակայն պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվի, որ այս կառույցին տրվեն մի շարք լծակներ, որպեսզի կանխվեն կեղծ դեղերի մուտքը Հայաստան»,- նշեց Գայանե Խաչվանքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ