Երևանի քաղաքապետարանը երբեք էլ ճոխ ծախսեր չի արել. Կամո Արեյան
Այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ լրագրողները Երևանի քաղաքապետի առաջին տեղեկալ Կամո Արեյանից հետաքրքրվեցն, թե պատրաստվո՞ւմ են վարչապետի հայտնի հանձնարարականից հետո կրճատել այն ավելորդ ծախսերը, որոնց համար մշտապես քննադատվել են հանրության կողմից:
«Երևանի քաղաքապետարանը երբեք էլ ճոխ ծախսեր չի արել»,- ի պատասխան ասաց Կամո Արեյանը:
Նրա ներկայացմամբ, Երևանի քաղաքապետարանում 26 ծառայողական ավտոմեքենա է կրճատվելու:
«Ընդհանրապես քաղաքապետարանում միշտ էլ սկզբունքերոն խնդիրը դրված է եղել բյուջետային միջոցների արդյունավետ, ռադիոնալ ծախսում, արդյունավետ կառուցվածք, արդյունավետ անձնակազմ: Պարբերաբար էլ մեր մոտ այդ խնդիրներն իրականացվել են: Այս պահին հաստիքների կրճատման խնդիր դրված չէ, բայց հաստիքների շռայլության խնդիր էլ մեր առաջ դրված չէ»,- հավելեց Արեյանը:
Երբ լրագրողները պնդեցին, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աչքի է ընկել ճոխ ու անիմաստ ծախսերով, Կամո Արեյանը նախ պատասխանեց, որ համամիտ չէ «ճոխ» ու «շռայլ» ձևակերպումների հետ և հավելեց, որ ներկայացուցչական ծախսերը մեկ անձի ցանկության կամ կամայականության խնդիր չէ: Քաղաքապետարանը, ըստ պաշտոնյայի, որպես կառույց, պետք է ունենա իր ներկայացուցչական պատշաճ ծախսերը:
«Դրանք անհրաժեշտ ծախսեր են: Մենք չենք գնում և չենք գնալու ծայրահեղ շռայլությունների, լինելու ենք զուսպ, կշռադատված, բայց մի բան պետք հստակ բացատրեմ՝ որևէ կառավարման ինստիտուտ, որևէ հիմնարկ, առավել ևս մայրաքաղաք՝ իր քաղաքապետարանով, որ աշխարհի բազմաթիվ քաղաքների հետ քույր քաղաք է, ակտիվ ինտեգրման հարաբերությունների մեջ է, վստահեցնում եմ ձեզ, որ ամենածայրահեղ վիճակում ապրող քաղաքապետարանն անգամ չի կարող զերծ մնալ ներկայացուցչական ծախսերից: Դրանք անհրաժեշտ են»,- հայտարարեց Կամո Արեյանը: