IQ-ի հետ լրջագույն խնդիրներ ունեցող անձինք անցնում են ԾԻԳ-երի բարձր պաշտոնների մրցույթները. Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համոզված է. Կառավարությանն առընթեր ՊՈԱԿ-ներում կամ վարկային ծրագրերի իրականացման գրասենյակներում (ԾԻԳ) բարձր աշխատավարձերով աշխատանքի մրցույթներում հաղթում են «IQ-ի հետ լրջագույն խնդիրներ ունեցող անձինք»:
«Առաջարկել եմ հանել անունն ազգանունները, եթե այնտեղ մենք կգտնենք պատահական մարդիկ, ես պատրաստ եմ ձեզ հետ բանավիճել: Բոլորս էլ գիտենք, թե ինչպես են տեղի ունենում այդտեղ մրցույթները, որ երեք-չորս համալսարան կամ Օքսֆորդ, Հարվարդ ավարտած երեխան, եթե չունի հովանավոր, կարող է չանցնել, բայց IQ-ի հետ լրջագույն խնդիրներ ունեցող անձինք անցնում են այդ մրցույթները, հաղթում», -այսօր ԱԺ-ում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավորը:
Նա կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանից փորձեց պարզել, արդյոք այդ խնդրի հետ կապված ինչ-որ քայլեր ձեռնարկվե՞լ են:
Ի պատասխան, կառավարության պաշտոնյան չհամաձայնեց Զոհրաբյանի հետ և ասաց, որ ԾԻԳ-երը որպես կանոն ստեղծվում են վարկային ծրագրերի շրջանակներում և իրենք ունեն իրենց սեփական կանոները աշխատանքի ընդունել-չընդունելու հարցում:
«Որպես կանոն պահանջները ներկայացված են վարկային կազմակերպության փաստաթղթերում, առանց նրանց համաձայնության թեկնածու չեն ընտրվում կամ նման գործընթացները առաջ չեն գնում: Կան շատ կարևոր մասնագիտական պահանջներ, որոնք ամրագրված են փաստաթղթերում և դրա հիման վրա էլ կատարվում է ընտրությունը», -արձագանքեց Հարությունյանը:
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, պնդեց իրենը ու ասաց, որ կարող է փաստեր ներկայացնել, երբ հովանավոր ունեցող անձինք են նշանակվել ՊՈԱԿ-ներում, ԾԻԳ-երում բարձր պաշտոններում:
«Ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, երբ մրցույթից առաջ բոլորս էլ գիտենք, թե տվյալ ԾԻԳ-ում ով է հաղթելու: Մենք Նոստրադամուսը չենք, որ դա գիտենք, ոչ էլ երազ ենք տեսնում գիշերը, դրա համար էլ գիտենք: Պարզապես, բոլորս էլ գիտենք, որ հայտարարվում է, թե մրցույցը լինելու է և անցնելու է այս մեկը: Եվ այդ մեկը, որը անցնում է մրցույթը, նրա IQ-ն բավարարում է սովորական սուրճը լուծվող սուրճից տարբերելու համար միայն: Դա կարող եմ ես փաստերով, կոնկրետ օրինակներով ապացուցել», -հավելեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին