Ինչ է արել նախագահի աշխատակազմը 2015 թվականին
2015 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 580 մլն դրամ, որը կատարվել է 98,6 տոկոսով: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նրա ներկայացմամբ, 2015-ին 2014-ի համեմատ աշխատակազմի բյուջեն ավելացել է շուրջ տասը տոկոսով, որը պայմանավորված է աշխատավարձերի վճարման նոր համակարգի ներդրմամբ և պետական մրցանակների հանձնմամբ:
Սարգսյանն ասաց, որ 2015-ին նախագահի աշխատակազմի ստորաբաժանումները բացի իրենց ընթացիկ մշտական աշխատանքից, ներգրավված են եղել Սահմանադրության նախագծի կազմման աշխատանքներում: ՀՀ նախագահի ստորագրմանն է ներկայացվել 204 օրենք, 226 միջազգային պայմանագիր, պատրաստվել է նույնքան տեղեկանք, 906 հրամանագիր, 218 կարգադրություն և այլ փաստաթղթեր:
Նախագահի աշխատակազմում, ըստ Սարգսյանի ներկայացրած տվյալների, մասնագիտական փորձաքննության է ներկայացվել 1379 որոշումների նախագծեր:
2015-ի ընթացքում Հայաստանի նախագահը կատարել է 20 պետական, պաշտոնական և աշխատանքային այց արտերկիր, հյուրընկալել մի շարք երկրների նախագահների, ընդունել է Հայաստանում այցով գտնվող ավելի քան 40 բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ այցելած օտարերկրյա նախարարների, պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների հետ կայացել է յոթանասուն հանդիպում, և 50 հանդիպում է կայացել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ:
«Հանրապետության նախագահն այցելել է Հայաստանի բոլոր մարզեր և մասնակցել տարբեր միջոցառումների ու հանդես եկել տարբեր ելույթներով», -հավելեց Սարգսյանը:
6530 դիմում-բողոք է ստացել նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների բաժինը և ընդունել 6330 քաղաքացու:
Նախորդ տարի, Նախագահի պաշտոնական կայքի այցելուների թիվը, Սարգսյանի խոսքով, կազմել է 1 մլն 911 882 այցելություն:
Հայաստանի քաղաքացիություն է ստացել 10 468 անձ, որից 3156-ը` սիրիահայեր, իսկ քաղաքացիությունից դուրս է եկել 2476 անձ: Հատուկ կացության կարգավիճակ է շնորհվել 576 անձի: