Գաբրիել Ղազարյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներին:
Այցի ընթացքում նախարարը եղել է Վազաշենի, Բերքաբերի, Սևքարի համայնքների և Իջևան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցներում, ծանոթացել ֆիզկուլտուրայի դահլիճների շենքային պայմաններին, առկա գույքային հիմնախնդիրներին, զրուցել ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ՝ նրանց հուզող հարցերի վերաբերյալ:
«Այցս սահմանամերձ համայնքներ պատահական չէ: Այս համայնքներում ապրող այսօրվա աշակերտների մոտ ֆիզկուլտուրայով զբաղվելը պետք է կենսական նշանակություն լինի: Դուք պարտավոր եք նրանց մոտ սերմանել ֆիզկուլտուրայով պարտադիր զբաղվելու գաղափարները: Սա ռազմավարական նշանակություն ունի մեր հայրենիքի համար»,- ասել է նախարարը դպրոցների ուսուցչական կազմի հետ զրույցներում:
Նա նաև հավաստիացրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ առկա իրավիճակի վերաբերյալ իրատեսական պատկերը ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված հատուկ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին փոխանցելու և նրանց հետ միասին համատեղ ուժերով դրանց լուծումն ապահովելու համար:
«Վստահեցնում եմ, որ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության և անձամբ վարչապետի ուշադրության կենտրոնում: Պետք է աշխատենք և համատեղ ուժերով շտկենք այս իրավիճակը»,- Գ. Ղազարյանի խոսքերը մեջբերել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Դպրոցներում կատարած շրջայցերից հետո նախարար Ղազարյանը Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում հանդիպել է ֆիզպատրաստություն առարկայի ուսուցիչների և մարզի մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների հետ, նրանց հետ քննարկել մարզական ոլորտին վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր, խոսել ընթացիկ տարվա ծրագրերի ու անելիքների մասին: Ներկաները խոսել են մարզադահլիճների վատթար շենքային պայմանների, իսկ որոշ դեպքերում՝ նաև դրանց բացակայության, գույքի մաշվածության և պակասի վերաբերյալ հարցերի մասին:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ Տավուշի մարզի փոխմարզպետ Կ. Ադամյանը, Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը, նախարարության ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ