«Հատուկ ուշադրություն կդարձվի նոր տեսակի պատերազմներին». Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապաձե
Թբիլիսում բացված Վրաստանի անվտանգության և պաշտպանության միջազգային համաժողովում (GDSC) այսօր քննարկվել են Սևծովյան տարածաշրջանի եւ Հարավային Կովկասի անվտանգության հարցերը և գլոբալ վտանգները։ Այս մասին գրում է Ջավախք.ինֆո-ն՝ հղում անելով վրացական newsgeorgia.ge-ին:
Համաժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն։
«Շատ կարևոր է, որ մենք Վրաստանում հնարավորություն ունենք խոսել այսօրվա ինչպես գլոբալ սպառնալիքների, այնպես էլ մեր տարածաշրջանում և Սև ծովում առկա մարտահրավերների մասին: Այսօրվա իմ անդրադարձում ես ուշադրությունը կենտրոնացրել եմ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը և համաշխարհային անվտանգության մեջ մեր դերին», - ասել է լրագրողներին Վրաստանի արտաքին գործերի նախարարը:
Սևծովյան և Անդրկովկասյան տարածաշրջանների գլոբալ անվտանգության հարցերի կողքին համաժողովի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել նաև նոր տեսակի պատերազմի, այն է՝ տեղեկատվական և գաղափարական հակադրության քննարկմանը։
«Հատուկ ուշադրություն կդարձվի նոր տեսակի պատերազմներին, ինչպես նաև, այն ոչ կոնվենցիոնալ պատերազմներին, որոնք օգտագործվում են և այն քայլերին, որոնք կօգնեն երկրին դիմակայել այդ վտանգներին »,- նշել է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապաձեն։
Ֆրանսիայում Վրաստանի նախկին դեսպան, այժմ փորձագետ Մամուկա Կուդավան իր հերթին վստահ է, որ Կրեմլը կիբերտարածքի օգտագործմամբ «փորձում է շահել շատ մարդկանց սրտերը, հատկապես՝ Արևմուտքում»:
Անվտանգության և պաշտպանության համաժողովի երկրորդ օրը Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին անցկացրեց երկկողմ բանակցություններ ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ Միխայիլ Կոստառակոսի հետ, որի ընթացքում քննարկել է Վրաստանի Կենտրոնական Աֆրիկայի և Մալիի խաղաղապահ առաքելություններին մասնակցության հարցերը։
Համաժողովին մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակություն՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: