Մեր նպատակն է սպառողների համար ստեղծել անվտանգ շուկա. Լևոն Խալիկյան
2015 թվականի սեպետմբերից Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը լուծարվել է և դրա փոխարեն ստեղծվել է նոր կառույց՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Այն իրականացնելու է շուկայի պետական վերահսկողության, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության բնագավառներում պետական վերահսկողական գործառույթներ: Բացի այդ, օրենքով սահմանված կարգով կիրառելու է պատասխանատվության միջոցներ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման համար:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու է կառավարման նոր համակարգ, ինչը կնպաստի տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Նրա խոսքերով՝ որոշում է կայացվել ստեղծել նաև տեսչական մարմնին կից խորհուրդ ՝ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, որպեսզի բարձրացնեն բոլոր այն խնդիրները, որոնք առկա են ոչ պարենային ապրանքների շուկայում:
«Մեր հիմնական գործառույթը ոչ միայն տնտեսվարողների մոտ ստուգումներ անցկացնելն է և տուգանքներ նշանակելը, այլ սպառողի շահերի պաշտպանությունը, անվտանգ շուկայի ձևավորումը, որպեսզի շուկայում առկա ոչ պարենային ապրանքները լինեն համապատասխան ազգային ստանդարտներին: Ի վերջո մեր նպատակն է սպառողների համար ստեղծել անվտանգ շուկա»,- ասաց Լևոն Խալիկյանը՝ հավելելով, որ այդ պատճառով պարբերաբար հանդիպումներ են կազմակերպելու հասարակական կազմակերպությունների հետ:
Այսօր տեղի ունեցավ սպառողների իրավունքների պաշտպանության զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը, որի շրջանակներում ներկայացվեցին տեսչական մարմնի գործառույթները, լիազորությունները, հետագա համագործակցության ուղղությունները, սպառողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:
«Ոչ պարենային ապրանքների շուկայում հասարարակական կազմակերպություններն այսօր աշխատում են ի օգուտ սպառողի շահերի և համատեղ ուժերով պետք է հասնենք մեր առջև դրված խնդիրների լուծմանը»,- ընդգծեց Լևոն Խալիկյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի ուշադրության կենտրոնում լինելու են խաղալիքների, վառելիքի և գազալցակայանների ոլորտները:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը քննարկման ժամանակ հատկապես կարևորեց այն, որ տեսչական մարմնում ներդրվել է հասարակայնության հետ կապերի բաժինը, որը հնարավարություն կտա ուղիղ կապ հաստատել սպառողների հետ: «Իսկ ամենակարևոր բարեփոխումը համարում եմ աշխատանքի փոիլիսոփայության փոփոխությունը, բայց ուզում եմ, որ այդ ամենը ձևի և բովանդակության մեջ հօգուտ ձև չլինի, այլ՝ հօգուտ բովանդակության»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքերով՝ տեսչությունը իր առջև պետք է ոչ միայն անվտանգության ապահովման խնդիր դնի, այլ ուշադրություն դարձնի ապրանքի որակի համապատասխանությանը, որը, ցավոք սրտի, երկրորդ պլան է մղվում: «Ինձ հետաքրքրում է սպառողի շահը: Ես ուզում եմ այնպիսի մեխանիզմներ մշակենք, որպեսզի երբևէ տնտեսվարողի շահը չդառնա գերակա սպառողի շահի նկատմամբ: Իրականում միշտ սպառողի շահը պետք է վեր դասել տնտեսվարողի շահից»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին