Աշնանը Հայաստանում կանցկացվի միջազգային կիբերանվտանգության համաժողով
Այսօր Սինոփսիս-Արմենիա ընկերության գրասենյակում ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպել են Բունդեսթագի փոխնախագահ տիկին Էդելգարդ Բուլմանի և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Քիսլերի հետ:
Ինչպես հայտնում են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունից, հանդիպման շրջանակներում քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների խորացման և ընդլայնման հարցեր:
Տիկին Բուլմանին հետաքրքրել են Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման ուղղությունները, Միության համագործակցությունը այլ ընկերությունների հետ, star-up-ների ստեղծման ծավալները Հայաստանում, կիբերանվտանգությունը՝ որպես ՏՏ ոլորտի զարգացման ուղղություն։
ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշել է. «Հայ-գերմանական հարաբերությունները պետք է ավելի խորացվեն և, քանի որ Միությունը ներկայացնում է ՏՀՏ ոլորտը, համագործակցության խորացումը պետք է սկսենք հենց այդ ոլորտից և մասնագիտական կրթությունից։ Հայաստանի ՏՀՏ ոլորտի խոշոր ընկերությունները Միության անդամ են, և միասին մենք փորձում ենք կոորդինացնել ոլորտին առընչվող իրավական, կրթական հարցերը։ Կարևորագույն խնդիրներից է կադրերի պատրաստումը»։
Նա նաև նշել է, որ այդ խնդրի առնչությամբ Միությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, ներառյալ երրորդ սերնդի տեխնիկական համալսարանի հիմնումը, ավագ դպրոցներում ՏՀՏ մասնագիտությունների դասավանդման պիլոտային ծրագրի իրականացումը և այլն։
Միության նախագահը նաև անրադարձել է ՏՏ ոլորտի ուղղվածություններից մեկին՝ կիբերանվտանգությանը․ «Աշնանը Հայաստանում անցկացվելու է խոշոր միջազգային կիբերանվտանգության համաժողով, որին հրավիրել ենք տարբեր երկրների մասնագետների՝ փորձի փոխանակման, իրավիճակի գնահատման և հետագա քայլերի մշակման նպատակով»։
Անդրադարձ է եղել նաև Հայաստանում star-up ընկերությունների հիմնադրմանը և իրենց գործունեության համար ստեղծված միջավայրին։ Նշվել է, որ միայն անցած տարի հիմնվել է մոտ 100 star-up ընկերություն։ Դրան նպաստել են օրենսդրական փոփոխությունները, սակայն, դա բավարար չէ, քանի որ Հայաստանում առկա է ներդրումների և վենչուրային կապիտալի մեծ պակաս, և ՀՀ կառավարությունը պետք է կատարի հետագա բարելավումներ՝ դարձնելով Հայաստանը ավելի գրավիչ։