Առանձնացվել են հիմնական 10 ապրանքատեսակների ներմուծման փաստաթղթերը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց վարչապետի` մայիսի 19-ի հանձնարականի վերաբերյալ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ նախարարին հանձնարարվել էր կազմել հուշաթերթ, որպեսզի բոլոր այն գործարարները, բիզնեսով զբաղվող մարդիկ, որոնք ցանկություն ունեն ներկրմամբ զբաղվել, իրենց համար հասանելի լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծեն:
Արծիկ Մինասյանը նշեց, որ յուրաքանչյուր ապրանքատեսակների մասով կան առանձին փաստաթղթեր, դրա համար, ելնելով հանձնարարականի արդյունավետ կատարման անհրաժեշտությունից, առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական 10 ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Դրանք են՝ կարագի, ալյուրի, ցորենի, շաքարավազի, արևածաղկի յուղի, հավի մսի, նարինջի, բանանի, բենզին և դիզելային վառելիքի ոլորտները:
Նախարարի խոսքերով՝ արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթերը, ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ համաձայնեցումների:
«Կարծում ենք, որ ավարտից հետո, ոչ ուշ քան այս շաբաթվա ավարտը, մենք կտեղադրենք նաև կայքէջում: Սա կրելու է շարունակական բնույթ, որպեսզի անցում կատարենք նաև սպառողական զամբյուղի մնացած ապրանքատեսակներին և Հայաստան ներմուծվող ավելի մեծածավալ քանակի ապրանքների լիարժեք տեղեկատվություն ներկայացմանը.,- նշեց էկոնոմիկայի նախարարը:
Արծվիկ Մինասյանը նաև հայտնեց, որ քայլեր են իրականացվում, որպեսզի տասանիշ կոդով ցանկացած ապրանքատեսակի մասով ցանկացած երկրից ներմուծման դեպքում ներմուծողները, քաղաքացիները հեշտությամբ կարողանան օգտվել այդ ծառայությունից՝ ընդամենը հավաքելով տվյալները: