Հենրիխ Մխիթարյան․ «Պետք է փորձենք առաջ շարժվել քայլ առ քայլ»
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են լրագրողների հետ։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, նրանք նախ շնորհակալություն են հայտնել ընկերական հանդիպումների կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ խաղերի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, իսկ այնուհետև Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
- Ձեր կարծիքը Գվատեմալայի հավաքականի մասին:
- Ճիշտն ասած՝ դեռ չենք ուսումնասիրել մրցակիցներին, բայց գիտենք, որ բավական ուժեղ թիմերի դեմ ենք խաղալու։ Մեզ համար լավ փորձ կլինի խաղալ լատինաամերիկյան թիմերի դեմ։ Սա կարևոր է, որովհետև, հնարավոր է, շատ փորձարկումներ կլինեն։ Այդ պատճառով կփորձենք լավագույնս ներկայանալ հանդիպումներին։
- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները:
- Այնպիսի խմբում ենք հանդիպել, որ բարդ կլինի լուծել այդ խնդիրը։ Սակայն, կարծում եմ, պետք է փորձենք առաջ շարժվել քայլ առ քայլ։ Պետք է հաշվի առնել, որ ունենք այնպիսի հավաքական, որը դեռ նոր է կազմավորվում։
- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր նոր են սկսում իրենց խաղային կարիերան։
- Ցանկացած մարդ պետք է պայքարի՝ իր տեղը գտնելու համար։ Եթե փորձում ես ինչ-որ գործ անել, պետք է անես առավելագույնը։ Բոլորին խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, կարողանալ սովորել և հաջողության հասնել։ Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իր աշխատանքից։
- Ի՞նչ նորոթյուններ կան Ձեր՝ այլ թիմ տեղափոխվելու կապակցությամբ:
- Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի խաղերի վրա, որից հետո միայն կմտածեմ ակումբային գործերիս մասին։
- Եվրոպական ո՞ր հավաքականի հնարավորություններն եք ավելի բարձր գնահատում «Եվրո-2016»-ում։
- Եթե ընտրելու լինեմ բոլոր հավաքականներից, կպատասխանեմ՝ Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա։
- Հնարավո՞ր է՝ երբևէ հանդես գաք Լոս Անջելեսում։
- Շատ եմ մտածել այդ մասին։ Հնարավոր է՝ մի օր հանդես գամ այստեղ: Վստահ եմ, որ մարզադաշտում կզգամ հայերի աջակցությունը։
- Ի՞նչ պատգամ ունեք Լոս Անջելեսի հայությանը շաբաթ օրը կայանալիք խաղի համար։
- Մեզ համար շատ կարևոր է և հաճելի գտնվել այստեղ։ Առավել կարևորում եմ այն փաստը, որ հանդիպումները լինելու են բարեգործական բնույթի, իսկ հասույթը տրամադրվելու է Հայաստանում զանազան հիվանդություններ ունեցող և անօթևան երեխաների հիմնադրամին։ Վստահ եմ, որ մեր երկրպագուները կգան մարզադաշտ, իսկ մենք էլ կփորձենք նրանց ուրախացնել մեր լավ խաղով։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ