Հայաստան սիրիահայերի նոր ներհոսք է սպասվում
Սիրիայում ընդհանուր առմամբ կա 25 հազար սիրիահայ, իսկ Հալեպում՝ 15 հազար։ Հալեպն այսօր դժվարությունների մեջ է, և Հայաստանը սպասում է սիրիահայերի նոր ներհոսքի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Երկու խնդիր ունենք. Մեկն այն է, որ բնակարանը արդեն կա, ամեն ինչ կարգին է ուղղակի ընտանիքի թիվը կավելանա այնտեղ մնացած անդամների գալով, իսկ մյուս խնդիրը այն է, որ կարող է նոր ապրող գա, որի բնակվարձի, ապրելու, կենցաղային իրերի ու այլ մնացած հարցերը մենք պետք է կարողանանք Երևանի քաղաքապետարանի ու մյուս կառույցների միջոցով լուծել», -ասաց նախարարը։
Նախարարի խոսքով, Հայաստանում հաստատված սիրիահայերի շրջանում արտագաղթը շատ չէ, կան տեղաշարժեր՝ մեկը գնում է այլ երկիր աշխատանքը բարելավելու, մյուսը ձգտում է լավ պայմանների, երրորդը ուսման համար է մեկնում։
«Մեր ուսումնասիրությունները, հանդիպումները խոսում են այն մասին, որ նրանք հիմնականում ուզում են հաստատվել Հայաստանում, ոչ թե հեռանալ։ Այստեղ գալուց երկու տարի շարունակ մտածում էին, թե Սիրիայում հաղթանակն իրենցն է լինելու ու ուզում էին մեկնել այստեղից։ Բայց երկու տարի հետո հասկացան, որ ուզում են մնալ այստեղ, բայց այդ ժամանակում նրանք իրենց գումարները ծախսել էին, դրա համար դժվարություններ եղան։ Եթե առաջին պահից նրանք սկսեին ինտեգրման գործընթացով զբաղվել, ավելի հեշտ կլիներ», -ասաց նախարարը։
Նշենք, որ «Արևելքը» օրերս գրել էր այս թեմայով. «Կը նշուի, որ հաստատուիլ ուզող մեր հայրենակիցները կը պատկանին կարիքաւոր խաւերու: Վերջին շրջանին Հալէպը թիրախ կը դառնայ ծանր հրթիռարձակումներու եւ Երեւան հաստատուիլ ցանկացող մեր հայրենակիցներուն որոշումը պայմանաւորուած է մասնաւորապէս ապահովական նկատառումներով»։
Սա նշանակում է, որ և Հայաստան գալու, և հաստատվելու, և աշխատանք գտնելու հարցերը շատ ավելի բարդ են լինելու ի սզկբանե։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում «Վերժին Կյուլպենկյան» ծերանոցի հրթիռակոծության հետևանքով հայուհի է զոհվել
- Հալեպի վիճակը հիմա ավելի բարդ է, քան նախորդ տարի. Հալեպի ՌԱԿ շրջանային վարչության ատենապետ
- Հալեպում պայթյունից վնասվել է հայկական ծերանոցի շենքը. «Արևելք»
- Հալեպ. Աշակերտների խաղաղ օրերի ավտոբուսը դարձել է շտապ օգնության մեքենա