Նադալ. «Գիտեմ, որ դեռ որոշակի թերություններ կան»
Ֆրանսիայի բաց առաջնության իննակի չեմպիոն, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով նախօրեին իր 200-րդ հաղթանակն է տոնել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, մեկնաբանել է իր հաջողությունը: Նադալը «Ռոլան Գարոսի» մրցաշարի 2-րդ շրջանում 6:3, 6:0, 6:3 հաշվով առավելության է հասել Արգենտինայի ներկայացուցիչ Ֆակունդո Բագնիսի նկատմամբ:
«Առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարերից մասնակցել եմ Ուիլմբլդոնին` 2003 թ.-ին: Դա իմ երազանքն էր: Բայց հիմա ավելի կարևոր է այն հանգամանքը, որ հաջողության եմ հասել «Ռոլան Գարոսի» 2-րդ շրջանում և ոչ թե այն, որ տոնել եմ 200-րդ հաղթանակս: Սրանք միայն թվեր են: Խաղացել եմ այնպես, ինչպես պետք է խաղայի 3-րդ շրջան դուրս գալու համար:
Յուրաքանչյուր տարի նոր բան է տեղի ունենում, ամեն ինչ փոխվում է: Մենք պետք է նոր պատմություն կերտենք: Դրա համար պարզապես հարկավոր է ամեն օր խաղալ քո թենիսը: Գիտեմ, որ դեռ որոշակի թերություններ կան, սակայն տքնաջան մարզվում եմ և աշխատում եմ շտկել դրանք»,- նշել է Նադալը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի բաց առաջնության 3-րդ շրջանում Ռաֆայի մրցակիցը կլինի իր հայրենակից Մարսել Գրանոլյերսը: