Մորաքույրը բացահայտել է Հյուսիսային Կորեայի բռնակալ առաջնորդի կյանքի գաղտնիքները
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մորաքույրը, որը լքել է իր երկիրը և այժմ ապրում է ԱՄՆ-ում, Washington Post-ին տված հարցազրույցում բացահայտել է Կիմ Չեն Ընի կենսագրական գաղտնիքները: Ըստ աղբյուրի, 60-ամյա Կո Յեն Սուկը (Ko Yong Suk) ԱՄՆ է եկել 1998-ին Շվեյցարիայից՝ ամունսու և երեք երեխաների հետ միասին:
«Իմ ընկերները ինձ ասում են՝ ես երջանիկ եմ, ունեմ ամեն ինչ. երեխաներս դպրոց են գնացել, հաջողակ են, ունեմ ամուսին, և որևէ մեկին նախանձելու կարիք չկա», -Washington Post-ին տված հարցազրույցում ասել է Հյուսիային Կորեայի առաջնորդի մորաքույրը:
Ամուսինը՝ Րի Գանգը (Ri Gang) օգնության է հասնում կնոջը. «Կարծում եմ՝ մենք հասել ենք ամերիկյան երազանքին»:
Այդուհանդերձ, լրատվամիջոցի զրուցակիցները լրագրողին խնդրել են չհրապարակել իրենց ամերիկյան անունները՝ ընտանիքի անվտանգությունն ապահավելու նկատառումներից ելնելով: Իսկ լուսանկարիչը նկարել է նրանց առանց դեմքը ցույց տալու:
Կոն, ըստ լրագրողի, շատ նման է իր մահացած քրոջը՝ Կո Չեն Հուին, ով եղել է Կորեայի նախկին առաջնորդի կանանցից մեկը, ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի մայրը: Մորաքույրը Շվեյցարիայում ուսանելու տարիներին, խնամել է իր քրոջ որդուն, ով այժմ Հյուսիսայի Կորեայի առաջնորդն է:
1998-ին, երբ Կիմ Չեն Ընը 14 տարեկան էր, իսկ ավագ եղբայրը՝ Կիմ Չեն Խոլը՝ 17, Կոն և իր ամուսինը որոշել են լքել Հյուսիսային Կորեան: Նրա քույրը, որը կապող միջոցն է եղել երկրի ռեժիմի հետ, հիվանդ է եղել կրծքագեղձի քաղցկեղով, սակայն ապրել է երկար՝ մինչև 2004 թվականը:
Կիմի ընտանիքը ղեկավարել է Հյուսիսային Կորեան 70 տարի՝ ռեպրեսիայի ենթարկելով ու վախի մեջ պահելով բնակչությանը: Այդ իսկ պատճառով զույգը չի կարողացել այլևս շարունակել ապրել նման համակարգ ունեցող երկրում:
Նրանք պատմել են, որ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդը ծնվել է 1984-ին և ոչ թե 1982-ին, ինչպես մինչ այդ հայտնի է եղել: Նրանք այդ մասին շատ լավ գիտեն, քանի որ իրենց որդին ևս նույն տարում է ծնվել:
«Նա և իմ որդին միևնույն տարում են ծնվել, ես լավ գիտեմ, քանի որ նրանց երկուսի տակդիրներն եմ փոխել», -ծիծաղելով ասել է Կոն:
Ըստ աղբյուրի, հաճախ ամերիկյան հետախուզության օպերատիվ աշխատողները դիմում են Կոի և նրա ամուսնու օգնությանը՝ իմանալու, թե ով է այս կամ այն անձը: Սակայն ԱՄՆ Հետախուզական ծառայությունից լրատվամիջոցին այդ տեղեկությունը հրաժարվել են մեկնաբանել կամ հաստատել:
Այդուհանդերձ, զույգը զրույցի ընթացքում Կիմ Չեն Ընին մեկ-մեկ որակել է որպես «մարշալ»:
1992-ին Կո Յոնգ Սուկը մեկնում է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռն իր քրոջ ավագ որդու՝ Կիմ Չեն Խոլի և Կիմ Չեն Իլի հետ միասին: Կիմ Չեն Ընը Բեռն մեկնել է 1996-ին, երբ 12 տարեկան էր:
«Մենք ապրում էինք նորմալ ընտանիքի նման: Ես իրենց մոր նման էի նրանց հետ: Նրանց հորդորում էի ընկերներին հրավիրել տուն, որովհետև շատ էի ցանկանում, որ նրանք ապրեին նորմալ կյանքով: Նրանց համար տորթ էի թխում, նրանք Lego էին խաղում», -պատմել է մորաքույրը:
Ընտանիքում խոսել են կորեերեն, կերել կորեական ուտելիք: Կոն երեխաներին տարել է փարիզյան Դիսնեյլենդ:
Կիմ Չեն Ընը, մորաքրոջ պատմելով, սիրել է խաղեր, փորձել է պարզել, թե ինչպես են նավերը առաջ շարժվում, ինչպես են օդանավերը թռչում: Այդ տարիքում արդեն իսկ նրա մոտ անհատականության գծեր են ձևավորվել, որոնք ավելի ուշ առավել վառ են արտահայտվել:
«Նա կարգազանց չի եղել, բայց անհանդուրժող է եղել. Երբ նրա մայրն ասել է, որ բավական է խաղալ պետք է դասեր պարապել, նա ոչինչ չի ասել, բայց բողոքել է՝ օրինակ հացադուլ հայտարարելով», -պատմել է Կոն:
Կիմը սիրել է ամառային արձակուրդներին մեկնել հարազատ երկիր, ժամանակն անցկացնել Վոնսանում, որտեղ նրանց ընտանիքը մեծ ամառանոց ունի:
«Նա սկսել էր բասկետբոլ խաղալ և երկրպագել է Մայքլ Ջորդանին: Նա իր ընկերներից ավելի կարճահասակ էր, և մայրը նրան ասում էր՝ եթե սկսեր խաղալ բասկետբոլ, բարձրահասակ կդառնաս...», -պատմել է Կոն: