Առջևում շատ ու շատ անելիքներ դեռ ունենք. Արփինե Հովհաննիսյան
Հայաստանը երկար ճանապարհ է անցել 25 տարիների ընթացքում արդարադատության ոլորտում՝ արդարադատության մատչելիությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ճանաչումն ապահովելու համար: Այս գործընթացը դեռ ունի մարտահրավերներ և բացթողումներ: Դրանց որոշ մասն իրենց լուծումները կգտնեն նախքան բարեփոխումների ընթացիկ փուլի ավարտը՝ 2016թ-ի վերջին, մյուսներին կանդրադառնանք բարեփոխումների նոր փուլում,- «25 տարիների ընթացքում Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումներ. հետադարձ հայացք» համաժողովին ունեցած ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարն ամփոփ ներկայացրեց արդարադատության ոլորտում անցած 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները. «Ինչից ինչ ենք ստացել: Խորհրդային տարիներին ունեինք բացարձակ կախյալ և ձայնազուրկ դատական համակարգ, խիստ ֆորմալ ընտրված դատավորներ, որոնք առաջնորդվում էին կուսակցական նոմենկլատուրայի ցուցումներով, մի համակարգ, որի խնդիրը, մեծ հաշվով, անձից պետության պաշտպանությունն էր: Սակայն Խորհրդային Միության փլուզմամբ արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության պատկերացումներն ու ընդհանրապես հասարակության աշխարհայացքը չանհետացավ: Մենք այս արժեհամակարգի փոխելու ուղղությամբ մինչ օրս էլ աշխատում ենք: Դժվարին ու երկար ճանապարհ ենք անցել մինչև այս օրը, բայց պետք է գոհունակությամբ նշեմ, որ շատ բան արված է համակարգում և, միևնույն ժամանակ, շատ ու շատ անելիքներ դեռ ունենք առջևում»:
Ըստ Ա. Հովհաննիսյանի, Հայաստանն այսօր ունի ժամանակակից արդարադատության ոլորտի բոլոր առանցքային կառույցները, իրավական և կարգապահական շրջանակները կայացած են, մարդկային ռեսուրսները առկա են և իրավազոր, անհրաժեշտ ենթակառուցվածքները ներդրվում են կամ պլանավորվում են ավարտին հասցնել հաջորդ փուլում, իսկ ոլորտի ժամանակակից կառավարման համակարգերն էլ մշակվում են:
Նախարարը նաև ներկայացրեց այն գործողությունները (դատավորների նշանակումներ, ընտրության և առաջխաղացման ընթացակարգերի և դատավորների դեմ կիրառվող կարգապահական գործողությունների թափանցիկություն, օրենսդրության վերանայում, Դատավորների վարքագծի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին և այլն), որոնց նպատակն է արդարադատության անկախության և հաշվետվողականության ամրապնդումը: Ա. Հովհաննիսյանն ասաց, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և գործողությունների թափանցիկության ապահովման նպատակով ՏՏ գործիքներ ներդրվեցին գրեթե բոլոր դատարաններում և որոշ պետական մարմիններում, ինչպիսին օրինակ դատական համակարգի մատչելիության անհրաժեշտ ժամանակակից մեխանիզմներն են, դատարաններում գործերի պատահական ընտրության և բաշխման էլեկտրոնային համակարգի կիրառումը:
«Հավատացած ենք, որ բարեփոխումների մեջ ներդրվող ընթացիկ ջանքերն ու արագությունը հնարավորություն կընձեռեն մեզ մինչև 2020-21թվականներն աստիճանաբար համապատասխանել արդարադատության ոլորտի միջազգային լավագույն չափանիշներին»,- իր ելույթում ասաց նախարար Ա.Հովհաննիսյանը: