Բնակչության ընկալումը պահանջում է, որպեսզի ՀՀ-ի կառավարությունն ավելի ինտենսիվ դարձնի իր աշխատանքը. ԵՄ պատվիրակության ղեկավար
Հայաստանում արդարադատության ոլորտում կատարված աշխատանքը, ձեռքբերումները շոշափելի են, կասկած չեն հարուցում: Այդ հաջողությունները կապված են նաև մեր համեստ աջակցությամբ,- «25 տարիների ընթացքում Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումներ. հետադարձ հայացք» համաժողովին ունեցած ելույթում ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նա նշեց, որ արդեն տաս տարի ակտիվ աջակցում են ՀՀ դատաիրավական բարեփոխումների գործընթացին, տարբեր եղանակներով ավելի քան 45 միլիոն եվրո են տրամադրել տարբեր ծրագրեր, աշխատանքներ իրականացնելու համար:
«Արդարադարությունը հաջող տրանսֆորմացիայի գրավականն է: Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների փորձը ցույց է տվել, որ արդարադատության համակարգում առանց արդյունավետ տրանսֆորմացիայի հնարավոր չէ հաջող կերպով առաջ գնալ ավելի ազատական համակարգերի, որը հիմնաված է ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, մարդու իրավունքներ, վրա»,- նշեց նա:
Ըստ Պ.Սվիտալսկու, չի կարող լինել արդյունավետ ժողովրդավարություն, եթե ընտրությունների ժամանակ լինում են կեղծիքներ և ընտրակեղծարարները չեն պատժվում, չի կարող լինել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համակարգ, եթե ազգային փոքրամասնության ներկայացուցիչները չեն գտնում, որ իրենց իրավունքները բավարար կերպով պաշտպանված են արդարադատության համակարգի կողմից, չի կարող իրավունքի գերակայության արդյունավետ համակարգ լինել, եթե դատարանները չեն կարող կոռուպցիայի հետ կապված հարցերով զբաղվել:
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ արդարադատության համակարգում բարեփոխումները չափազանց կարևոր են Հայաստանի համար: Նա նաև թվարկեց այն ձեռքբերումները, որոնք Հայաստանն ունեցել է այս տարիների ընթացքում՝ այլընտրանքային պատժամիջոցների ստեղծում, այդ թվում նաև պրոբացիայի ծառայության ներդրում, հանրային պաշտպանի ինստիտուտի ամրապնդում, բնակչությանը տրամադրվող ծառայությունների բարելավում, արբիտրաժային համակարգի ձևավորում, քրեակատարողական հաստատությունների ձևավորում:
«Իհարկե, աշխատանքն ավարտված չէ, շատ լուրջ մարտահրավերներ կան, որոնց պետք է անդրադառնանք: Բնակչության, սովորական քաղաքացիների ընկալումը պահանջում է, որպեսզի Հայաստանի կառավարությունն ավելի ինտենսիվ դարձնի իր աշխատանքը: Կարծում եմ՝ կարևոր է, որպեսզի բնակչության լայն զանգվածների վստահություն ձեռք բերենք, երբ որ խոսքը գնում է համակարգի արդյունավետության, արդարության, դատավորների անկախության մասին», - նշեց նա:
Ըստ ԵՄ պաշտոնյանի, ոչ միայն Հայաստանում, այլ Եվրոպայում աճում է արդարադատության պահանջը, արդարադատությունը դառնալու է շատ կարևոր սովորական քաղաքացիների կյանքում:
Միաժամանակ Պ. Սվիտալսկին հավելեց, որ գոյություն չունի արդարադատության կատարյալ համակարգ, մշտապես լինում են քննադատողներ, այդ թվում նաև կայացած ժողովրդավարական երկրներում: Ըստ նրա, պետք է պատրաստ լինել, որ մարդիկ միշտ բողոքելու են, փորձելու են արդարադատության որոնել Ստրասբուրգում:
«Ես գտնում եմ, որ պետության ապագա հզորությունը, ամրությունը, երկրում ինքնիշխանության հարցերը, անկախ, արդյունավետ, հուսալի արդարադատության համակարգն առանցքային կարևորությունն են ունենալու»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ