Ադրբեջանը դղյակ է «Իսլամական պետության» ջիհադականների համար
«Իսլամական պետության» «ալ-Ֆուրաթ» համացանցային ռեսուրսը մայիսի 27-ին «Ուղերձ Ռիբատի հողերից դեպի օկուպացված Ադրբեջան» վերտառությամբ տեսանյութ է տարածել, որտեղ ուղերձով հանդես է գալիս ադրբեջանցի իսլամական Աբդալլահ Կովկասցին: Բացի նրանից, որ տեսանյութում Աբդալլահը կոչ է անում իր հայրենակիցներին գալ «Իսլամական պետություն» (ԻՊ) և մասնակից լինել Սիրիայում տարվող ջիհադին, այն իր մեջ բավական հետաքրքիր շեշտադրումներ է պարունակում:
Նախ նման տեսանյութերով ևս մեկ անգամ վերահաստատվում է Մերձավոր Արևելքում այս պահին ընթացող ջիհադական պայքարին ադրբեջանցի իսլամականների ակտիվ ներգրավվածության իրողությունը:
Սակայն տեսանյութից կարելի է ենթադրել նաև, որ Ադրբեջանից Մերձավորարևելյան տարածաշրջան իսլամականների հոսքը նվազել է: Աբդալլահը դիմում է իր հայրենակիցներին հնարավորություն գտնել տեղափոխվել Սիրիա, իսկ եթե այդ հնարավորությունը չկա, միանալ Կովկասում ստեղծված ԻՊ-ի կառույցին՝ «Կովկասի վիլայեթին» և օգնել այստեղ պայքարող ջիհադականներին: Կովկասում իրականացվող պայքարի արդյունքը, ըստ Աբդալլահի, պետք է լինի խալիֆայության ստեղծումը նաև անհավատների կողմից ղեկավարվող Ադրբեջանում:
Տեսանյութի վերնագրում «օկուպացված Ադրբեջան» արտահայտությունը հստակ մատնանշում է, որ Ադրբեջանում իշխող ալիևյան վարչակարգը, ըստ իսլամականների, բռնազավթիչներ են, որոնց դեմ պայքար է սպասվում Ադրբեջանում: Հատկանշական է, որ տեսանյութում ներկայացվում են «Կովկասի մուսուլմանների վարչության» առաջնորդ Փաշազադեի, Ադրբեջանի իսլամական արմատականության առաջնորդներից Սուլեյմանովի և Ադրբեջանի նախագահ Ալիևի լուսանկարները, որոնց, ըստ Աբդալլահ Կովկասցու, պետք է ոչնչացնել որպես հավատուրացների:
Մեկ շատ կարևոր հանգամանք ևս: Տեսանյութն արված է Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ սիրիա-թուրքական սահմանի մոտ գտնվող Մարաա քաղաքի մոտ, որտեղ Աբդալլահը խոսում է այդ քաղաքի շուրջ ռազմգործողությունների մասին: Գաղտնիք չէ, որ Սիրիայում կռվող ադրբեջանցի իսլամականների զգալի հատվածը գտնվում է Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում Հալեպ նահանգում, որը սահմանակից է Թուրքիային: Հենց սիրիա-թուրքական այս հատվածից են անցնում ջիհադականների, մասնավորապես ադրբեջանցի իսլամականների հոսքը, վերջիններիս սպառազինությունը, ֆինանսը, իսկ էթնո-լեզվական ընդհանրությունները հեշտացնում են ադրբեջանցի ջիհադականների գործը:
Վերջապես տեսաուղերձը հիմնականում հասցեագրված է Ադրբեջանում գտնվող և ԻՊ-ի գաղափարները կիսող իսլամականներին, որոնց կոչ է արվում գալ Սիրիա և մաս կազմել այստեղ տեղի ունեցող ռազմական գործողություններին: Ընդհանրապես փորձը ցույց է տալիս, որ ԻՊ-ի կողմից նման բնույթի և բովանդակության տեսանյութեր տարածվում են այն դեպքում, երբ կառույցը հստակ թիրախային խմբեր ունի, որոնց հետ պետք է աշխատանք տարվի (աշխատանքի ձևերից մեկն էլ այդ խմբերին ուղղված տեսաուղերձներն են): Վերոհիշյալից ենթադրվում է, որ Ադրբեջանում կառույցն ունի ներկայություն և բազմաթիվ հետևորդներ, իսկ Ադրբեջանը ուղղակի դղյակ է «Իսլամական պետության» ջիհադականների համար, որոնք ազատ ելումուտի իրավունք ունեն:
Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ