Մարմնամարզիկները՝ Եվրոպայի առաջնության մասին
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի երեք անդամներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, Բեռնում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում դարձան արծաթե մեդալակիրներ: ՀԱՕԿ-ի լրատվականի հետ Եվրոպայի փոխչեմպիոնները կիսվել են զգացողություններով և խոսել առաջիկա ծրագրերի մասին:
Վահագն Դավթյան. «Այս պահին զգացողություններս աննկարագրելի են: Մի փոքր լարված էի, բայց լավ էի տրամադրվել` լավագույն արդյունք գրանցելու համար: Եվրոպայի առաջնությունում 5-րդ անգամ էի եզրափակիչ հասնում, սակայն ամեն անգամ ինձ մի բան խանգարում էր: Միշտ լավագույն եռյակ մտնելուց կես քայլ հետ էի մնում: Փառք Աստծո, այս անգամ ամեն ինչ հրաշալի ստացվեց: Շատ ուրախ եմ թիմակիցներիս համար, մեր թիմի համար: Շնորհակալ եմ մեր մարզիչներին»:
Արթուր Դավթյան. «Շատ ուրախալի է մեր թիմի այսպիսի ելույթը: Ես կատարեցի իմ առաջադրանքը: Երկրորդ ցատկս պետք է անեի Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ: Բավականին լավ ստացվեց և արծաթե մեդալ նվաճեցի: Կարևոր է, որ խաղերից առաջ վարժությունս պատրաստ լիներ: Գործիքների տարբերություն իրոք շատ կա: Այն գործիքները, որոնց վրա մենք ենք մարզվում, շատ հին են և սրանց համեմատ շատ տարբերություններ ունեն: Կան նրբություններ, որոնք առաջին հայացքից չեն երևում ոչ մասնագետի համար: Պատկերացնում եք, եթե այս գործիքների վրա մարզվեինք, ինչ կլիներ»:
Արթուր Ավետիսյան. «Սա իմ առաջին լուրջ հաջողությունն է: Բառերով չեմ կարող նկարագրել զգացածս: Շատ ուրախ եմ: Շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ նրանց օգնության և խորհուրդների համար: Շնորհակալ եմ ծնողներիս: Այժմ կաշխատեմ վարժություններս բարդացնել»:
Հիշեցնենք, որ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները նվաճեցին 1 ոսկե և 3 արծաթե մեդալ: Նժույգթափեր վարժությունում Եվրոպայի չեմպիոն դարձավ Հարություն Մերդինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ