Իրաքի բանակը ԻՊ զինյալներին դուրս է մղում Էլ-Ֆալուջա քաղաքից
Իրաքի բանակը շարունակում է Էլ-Ֆալուջա քաղաքից դուրս մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին` չնայած նրան, որ վերջիններս փորձում են խոչընդոտել իրաքցիների առաջընթացին մահապարտների հարձակումներով և ականապատված մեքենաների պայթյուններով: Այս մասին «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Իրաքի ԶՈւ պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլը:
«Առաջիկա ժամերին դուք ականատես կլինեք հակաահաբեկչական ջոկատների, արագ արձագանքման խմբերի և դաշնային ոստիկանության առաջխաղացման դրական արդյունքներին», - հայտարարել է Ռասուլը:
Նա հաղորդել է, որ հակաահաբեկչական ջոկատները մտել են Աշ-Շուհադ շրջան, իսկ արագ արձագանքման ստորաբաժանումներն իրենց ձեռքն են վերցրել Ան-Նաիմյա շրջանի և Թուֆահա կամրջի նկատմամբ վերահսկողությունը: Միևնույն ժամանակ իրաքյան ուժերը վերահսկում են Աշ-Շայհա և Ալ-Ուբեյդան շրջանները, մարտեր են ընթանում Աս-Սակլաույա շրջանի համար:
Հիշեցնենք, որ Իրաքի կառավարական զորքերը երեկ վաղ առավոտյան մտել էին Էլ-Ֆալուջա քաղաք, որը գրավված էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:
Էլ-Ֆալուջա քաղաքը գտնվում է Բաղդադից արևմուտք: ԻՊ զինյալները քաղաքն իրենց վերահսկողության տակ են պահում 2014թ-ից: Մինչև պատերազմը Էլ-Ֆալուջան երկրի խոշորագույն քաղաքաներից էր, այստեղ բնակվում էր ավելի քան 350 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքի զորքերը մտել են իսլամիստների կողմից գրավված Էլ-Ֆալուջա քաղաք
- ԶԼՄ-ները հաղորդում են իրաքյան փախստականների կտրուկ աճի մասին
- «Իսլամական պետության» գրոհայիները իրաքցի ընտանիքին այրել են
- Իրաքի ապստամբները Instagram-ից հարցրել են, ինչպես վարվել ԻՊ-ի պատանդի հետ